Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այն մի հասարակ երգ էր լեռնային,
Խոր տպվեց սակայն իմ մտքի միջին,
Եվ իմ ականջին — հենց մութն ընկնում է —
Մի անտես-անհայտ ոգի երգում է։

XIII

    «Սափորն ուղիղ բռնած ուսին
Նեղ շավիղով վըրացուհին
Ջուրն էր իջնում։ Երբեմնակի
Քարերի մեջ սայթքում էր նա
350 Ծիծաղելով իրեն վրա։
Այնպես աղքատ ու պարզ հագած,
Շղարշի ծալքերն ետև ձըգած,
Թեթևաքայլ գընում էր նա։
Թեժ արևը, շոգն ամառվա
Նրա դեմքն ու կուրծքն այրելով
Պատել էին ոսկի ստվերով։
Տապ էր շնչում դեմքը բոլոր.
Եվ աչքերի մութն այնքա՜ն խոր,
Այնքա՜ն սիրո գաղտնիքով լի,
360 Որ մտքերըս փոթորկալի
Շըփոթվեցին։ Հիշում եմ խոր,
Կըժի ձայնը, ջուրը երբ որ
Մեջն էր թափում մեղմաքրքիջ,
Ու շոշափյունն․․․ ուրիշ ոչինչ։
    Երբոր ուշքի եկա կըրկին,
Ու ետ քաշվեց սրտիս արինն,
Արդեն շատ էր նա հեռացած,
Ու գնում էր թեթև, կամաց.
Շիտակ իրեն բեռան տակին,
370 Որպես դաշտի շըքեղ բարդին․․․
    Մի քիչ հեռու, սառը միգում,
Որպես ընկեր, ժայռի գըրկում
Բուսել էին երկու տընակ.