Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հ. ԼՈՆԳՖԵԼԼՈ

ՀԱՅԱՎԱԹԻ ԵՐԳԸ
ՆԱԽԵՐԳԱՆՔ

Եթե հարցնեք՝ ո՞րտեղից են
Էս լեգենդներն ու զրույցներն
Անտառների անուշ բույրով,
Հովիտների շաղ ու մուժով,
Վիգվամների ոլոր ծուխով,
Մեծ գետերի սահանքներով,
Նրանց անվերջ որոտումով
Ու վայրենի արձագանքով,
Ինչպես ամպրոպ սարերի մեջ.
10 Ես ձեզ կասեմ, ձեզ կըպատմեմ։


Անտառներից, հովիտներից,
Նորդլանդիայի մեծ լըճերից,
Օջիբվայի խոր աշխարհից,
Դակոտների վայրի երկրից,
Ճահիճներից, ճախիններից,
Ուր շուհ֊շուհ֊գան՝ արագիլը
Կեր է փնտրում ճըլկուտներում,
Կրկնում եմ ես էս զրույցներն
Անուշ երգիչ ու երաժիշտ
20 Նավադահի պարզ երգերով։