Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկիր տըվի՝ որսի համար,
Գետեր տըվի՝ ձուկ բըռնելու,
Տըվի ձեզ արջ, տըվի բիզոն,
Տըվի եղնիկ ու եղջերու,
Տըվի ըսկյուռ, տըվի ջըրշուն
Ու ճահիճներ լի հավքերով.
220 Ինչո՞ւ գոհ չեք դուք տակավին,
Ինչո՞ւ եք դուք որսում իրար։

Հոգնել եմ ես ձեր վեճերից,
Ձեր արյունոտ կըռիվներից,
Հոգնել եմ ձեր՝ սպանության
Ու վըրեժի աղոթքներից։
Ձեր ուժն ամբողջ սիրո մեջ է,
Ձեր կորուստը՝ կըռիվների.
Արդ ապրեցեք այսուհետև
Խաղաղ, սիրով, եղբոր նըման։

230 Ես կուղարկեմ մի մարգարե,
Փրկիչ համայն ձեր ազգերի։
Նա կաշխատի, կապրի ձեզ հետ,
Կառաջնորդի, կըքարոզի։
Եթե լըսեք նըրա խոսքին,
Կըբազմանաք, կերջանկանաք,
Իսկ թե թողնեք անուշադիր,
Կընըվազեք ու կըկորչեք։

Մըտեք այժմ էս գետի մեջ
Ու լըվացեք ձեր դեմքերից
240 Կըռվի վայրի նըկարները
Ու արյունը ձեր մատների։
Թաղեք հողում ձեր զենքերը,
Առեք կարմիր քարը հանքից
Ու շինեցեք Կարմիր քարից
Խաղաղության չիբխի գլուխ.
Եղեգն առեք եղեգնուտից,