Թող նա մեղրաջուր խըմի քաղցրահամ,
Որ ողջ իմանան՝ Կիև է մըտել
Մուրոմցի ծերուկ Իլիան Իվանովիչ։
Ինձ համար էլ թող, էս քաջիս համար,
Սեղան բաց անի ճոխ մեծարանքի․
Իսկ թե չի անիլ ինչ ասում եմ ես,
Կիևում կիշխի մինչև լուս միայն։ 240
Ու արագ֊արագ վազեց Դոբրինիան,
Վազեց Վլադիմիր անուշ իշխանին,
Պատմեց Իլիայի պատվերը նրան։
Հենց լըսեց պատվերն իշխան Վլադիմիրը,
Իսկույն, անհապաղ սաստիկ ու սաստիկ
Գըրեց բովանդակ Կիև քաղաքին.
Այլև Չերնիգով հանեց հըրաման,
Թե ողջ երեք օր ու երեք գիշեր
Բաց պետք է լինի կաբակն արքունի,
Գա, արաղ խըմի ժողովուրդն ամեն, 250
Խըմի, քեֆ անի անվարձ, անվըճար,
Որ ողջ իմանան Կիև է մըտել
Մուրոմցի ծերուկ Իլիան Իվանովիչ։
Ու ինքը բացեց հարգինքի սեղան,
Կանչեց, հավաքեց իշխան ու բոյար,
Ըռուսաց բոլոր մեծ հըսկաներին,
Այլև քաջարի կանանց դյուցազուն։
Բայց մարդ չի գընում կաբակն արքունի,
Ամենքն իշխանի պալատն են վազում,
Ոչ կերուխումի, ոչ ոսկու համար, 260
Վազում են տեսնեն անվեհեր քաջին,
Տեսնեն Մուրոմցի էն ծեր Իլիային։
Հավաքվում են ողջ դարպասն իշխանի
Մըտնում են կամաց ապարանքը ներս։
Ու ծեր Մուրոմցին գալիս է ահա,
Գալիս՝ կաբակի տըկլորների հետ.
Գալիս է, մըտնում սըրահը պայծառ,
Խաչ հանում դեմքին, ինչպես օրենքն է.