Ու էսպես մեղմով խոսեց նըրա հետ.
— Ո՜վ դու իմ խաչախպեր, իմ ախպերացու,
Ո՜վ դու իմ ախպեր, ծերուկ Մուրոմցի, 200
Քեզ պահի առժամ ձեռներըդ ճերմակ,
Բըռնի ու զըսպի սիրտըդ կըրակոտ։
Չէ՞ որ բանբերին չեն կապում, կախում.
Մենք էլ հո մեր մեջ ուխտ ունենք արած,
Ուխտ ունենք արած մեծ ու ահավոր,
Որ փոքր ախպերը լըսի իր մեծին,
Մեծն էլ իր փոքրին ականջ անի միշտ,
Ու էսպես կանգնենք մեկ մեկի համար։
Դեսպան է ղըրկել քեզ մոտ ինձ էսօր
Վըլադիմիր իշխանն իրեն տիկնոջ հետ, 210
Քեզ, հըզոր քաջիդ նա չի ճանաչել,
Նըստեցրել է ցած, ներքևի ծերին։
Խընդրում է հիմի նա քեզ ցընծությամբ,
Խընդրում լիասիրտ մեծ խըրախճանի,
Թողնես, ասում է, ինչ անց է կացել։
Ետ է շուռ գալի Իլեյկոն էստեղ.
— Հե՜յ դու, Դոբրինիա ջահել Նիկիտիչ,
Քու բախտը բանեց՝ ետևից եկար,
Թե չէ առջևից գայիր. Դոբրի՛նիա,
Հող ու մոխիրըդ քամուն պիտ տայի։ 220
Հիմի, ախպերըս, ձեռ չեմ տալի քեզ,
Կարգն ու օրենքը անցնել չի լինիլ։
Ետ դարձի՛, ասա Արև իշխանին,
Թող որ ինձ համար, ի՛նձ, քաջիս համար
Արձակի սաստիկ, սաստիկ հըրաման
Ամբողջ Կիևին, Էս մայր քաղաքին
Եվ Չերնիգովին նույնպես սըրա հետ,
Որ արքունական կաբակները ողջ
Բացվեն երեք օր ու երեք գիշեր,
Ժողովուրդն ամեն գա արաղ խըմի, 230
Ով չի կամենալ որ արաղ խըմի,
Թող նա գարեջուր խըմի հարբեցնող,
Ով որ չի ուզիլ գարեջուր խըմի,