Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անցվոր ու խոջա կիտում է գլխին,
Համ ինքն է խմում, համ նրանց տալիս։
Սուլթան Սուլեյման էս լսեց թե չէ՝
Երկու սուրհանդակ ղրկեց Մարկոյին.
— Գնացե՛ք, ասավ, իմ արագ տղերք,
30 Գնացե՛ք շուտով Մարկոյին ասեք՝
Թե՝ կանչում է քեզ սուլթանն անհապաղ։
Գնացին արագ սուլթանի մարդիկ
Շիտակ Մարկոյի վրանը մտան։
Խմում է Մարկոն գավաթն առաջին,
Մեջը կըլինի տասներկու օխա։
— Լսի՛ր, ասացին, քաջազուն Մարկո,
Սուլթանը ղրկեց մեզ քո ետևից,
Վե՛ր կաց տեղիցդ, գնանք սուլթանին։
Սաստիկ բարկացավ Մարկոն էս խոսքից,
40 Վեր կալավ ծանըր գավաթն առաջի
Ու՝ ա՛ռ հա կըտաս՝ սրանց գլխներին։
Գլուխ ու գավաթ ջարդ ու փուրդ եղան,
Արյուն ու գինի խառնըվեց իրար։
Ապա թե գնաց Մարկոն սուլթանին.
Գնաց աջ կողմը նստեց ծունկ ծնկի,
Սամուր գլխարկը քաշեց աչքերին,
Իր ծանըր գուրզը դրեց առաջին,
Սուր թուրն էլ ուսին բռնած պատրաստի։
Ու էսպես խոսեց սուլթանը թուրքի։
50 — Իմ հոգեորդի, քաջազուն Մարկո,
Դու հո լավ գիտես՝ կարգ եմ դրել ես,
Որ մեր մեծ պահքին, Ռամազան օրը՝
Ոչով բերանը գավաթ չտանի,
Ոչով դոլամա չհագնի կանաչ.
Շուրջպարի չերթա աղջիկների հետ։
Իմ ծառաները ինձ մոտ են գալիս՝
Վատ խաբարներ են բերում քեզանից։
Դու պար ես գալիս, իբրև, շուրջպարի.
Պողպատի թուր ես կապել քո մեջքին,