Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՜վ հավիտյան անձնապաստան ու մոլորված դուք մարդիկ, հեշտ է թվում փափագելին ու սիրածը միշտ մոտիկ․․․ հեշտ է, սակայն ցնորքի մեջ, ու սրտին է մոտ թվում, բայց չի կարող ոտքը հասնել՝ ուր որ սիրտն է թափառում։ Մեղք ես, կտրիճ, ինչո՞ւ ես քո մահի ետև ման գալի, դարձի՛ր, գնա քու աշխարհքը, քու հոր տունը շեն ու լի․ ապրիր խելոք շատերի պես, որ ապրում են գոհ, առատ, ու չեն հոգում, թե կորցրել է մարդն իր պատկերն անարատ։ Եվ, ով գիտի այժմ, քո բացակայությանը, կտիրեն քո ունեցածին․․․ Կամ թե կուզես, ահա դարձյալ երկու ճամփա լայնարձակ, տանում է մինն էն դղյակը, ուր որ լուսից մինչև լուս քեֆ է անում սիրուն Թամարն հյուրերի հետ իր <...> մյուսը դեպի․․․[1]

Ե՛կ, լսիր իմ երրորդ խոսքին, ետ դառ [գնա քո] էդ ճամփից քանի ուշ չի, որ հետո չզղջաս։

— Երրորդ անգամ երդվում եմ, պապի, որ [ետ] չեմ դառնալու, որ չեմ զղջալու— ես պիտի գնամ՝ ինչ էլ պատահի։

— Դե որ էդպես է— լսի՛ր, պատանի։ Ես[2] կյանքի սկզբից կանգնած եմ էստեղ— էս ճամփաների մեջտեղը։ Բոլորն իմ առջևից են անցնում, և ով հարցնում է՝ ճամփա եմ ցույց տալիս, նայում եմ ամենքի ճամփին ու ջոկում եմ լավն ու վատը, արատն ու առաքինին։ Ամենքն ու ամեն ինչ անցվորական են ու գնում են կորչում, թաղվում մոռացության խավարում։ Ես եմ միայն, որ կարող եմ նրանց անունն ու հիշատակը պահել, ում որ սիրեցի: Ես էլ նրանց եմ սիրում, որոնք դժարն են ջոկում, որոնք իրենցից բարձրին են ձգտում, անլսելին են լսում, անտեսանելին են տեսնում, անկարելին են տենչում։ Եվ միայն նրանց անունն եմ պահում ես, նրանց հիշատակն եմ պահում [անջինջ ու] անմոռաց ու կենդանի: Ես միայն նրանց եմ օրհնում, նրանց եմ օգնում։

Անձնուրաց հոգի, որ քաջ ու անվախ
Ընտրում ես, ընկնում էս անդարձ ճամփան,

  1. Վերջին տողերի դիմաց, աջ լուսանցքում. «№ 13. փառք, իշխանություն։ Եվ նպատակը մոռանում է։ Զվարթ ղուշին գլխին վեր է գալիս, դառնում է թ<ագավոր>։ Տերն էլ մտքեն ընկավ, անթառամ այգին էլ, հազարան բըլբուլն էլ և այլն (իր տեղը—)։
  2. Ես նա եմ, որ փորձում է ամենքին, ով <...>