Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոսկի սինիներում բռնած ետևից)։ Երեք խումբն էլ ներս մտան, երեք թագուհին բազմեցին, [ու] մյուսներն էլ՝ նրանց շուրջը. ու քնքույշ, զվարթ աղմուկով լցվեց էն զմրուխտյա[1] ապարանքը։ Սկսեցին ուտել, խմել, ուրախանալ։

Ուրախության ժամանակ տեղիցը վեր կացավ էն երեք թագուհիներից մեկը։ Ամենքը լռեցին, նեկտարի բաժակն առավ, ասավ[2].

— Անուշ քույրեր, էն տղի կենացը[3], որ ինձ ազատեց Սև դևի գերությունից, արև ու լույս տվեց մութն աշխարհքին։ Ա՜խ, երանի թե երբևիցե նա հայտնվեր մեր երջանիկ կողմերում[4], որ ես կարողանայի ետ վճարել նրա լավությունը...

Ամենքը խմեցին երկնային նեկտարը ու գովեցին էն կտրիճի քաջությունը, որ իրենց քրոջն ազատել էր Սև դևի գերությունից։ [Սրանից հետո] ոտի կանգնեց երկրորդ քույրը, [ու] բաժակը բարձրացրեց, ասավ.

— Երկաթի բազուկը ինձ գերել ու գերի էր արել ծովի հատակին[5]։ Էս բաժակն էլ խմենք էն հերոսի[6] կենացը, որ խորտակեց Երկաթի բազուկը, ինձ ազատեց նրա գերությունից, իսկ խեղճ հողածիններին՝ սովից[7] ու մահից․․․ Ա՜խ, եթե երբևիցե մեր դյութական աշխարհքը գար նա, ու ես կարողանայի ետ վճարել նրա լավությունը․․․

Ամենքն էլ[8] խմեցին երկնային նեկտարը, գովեցին հերոսի գործն ու առաքինությունը ու ցանկացան, որ երբևիցե նրան տեսնեին։

Ապա թե վեր կացավ երրորդ քույրը։

— Քույրե՛ր,— ասավ,— էս[9] բաժակն էլ խմենք էն ազնիվ հերոսի կենացը, որ խորտակեց քավթառ հրեշին ու ինձ ազատեց նրա մութ ու խոնավ քարանձավի գերությունից։ Ա՜խ, երանի թե երբևիցե նա էլ մի օր ընկներ մեր կախարդական աշխարհքը, որ կարողանայի ետ վճարել իր արած լավությունը։

  1. երազական
  2. ու նա էսպես խոսեց։
  3. — Անուշ քույրեր, էս բաժակը խմենք էն տղի կենացը,
  4. աշխարհքում
  5. — էս էլ խմենք էն հերոս տղի կենացը, որ ինձ ազատեց Երկաթի բազուկի գերությունից, որ ինձ գերել ու գերի էր դարձրել
  6. հերոս տղի
  7. փրկեց սովից
  8. Ամենքը խմեցին
  9. սրա