Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամենքը միասին էս կենացն էլ խմեցին, գովեցին հերոսի ուժն ու արիությունն ու շատ ցանկացան, որ սրան էլ մի օր տեսնեին։

— Ա՜խ,— շարունակեց փոքր քույրը,— եթե երբևիցե նա հայտնվեր մեր երջանիկ աշխարհքում, ես կխնդրեի մեր հորը, որ թողներ նրան՝ միշտ ապրեր մեր դրախտում ու վայելեր [մեր] Մշտադալար եդեմի վայելչությունը։ Բայց, ավա՜ղ, օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող մեզ մոտ հասնի, ուր մնաց՝ տկար հողածինը...[1]

Էս խոսքի վրա Արեգը դուրս եկավ իր թաքստից, դուռը բաց արավ ու կանգնեց լուսեղեն աղջիկների առաջին[2]։ Ամենքը միասին վեր թռան, ճչացին ահից ու զայրույթից[3]։ [Ու] Արեգը ցույց տվեց նրանց տված մատանիները։ Նայեցին, ճանաչեցին իրենց ազատարարին ու էնպես մի խելագար խնջույք սարքեցին, որ ոչ լեզվով պատմել կլինի, ոչ գրչով նկարագրել։

Ապա թե հարցրին[4], ինչպե՞ս է եղել, որ իրենց աշխարհքն է ընկել իրենց փրկիչը[5], ո՞ւր է գնում, ինչո՞ւ է իրեն ենթարկում փորձանքների ու զրկանքների։ Եվ երբ իմացան, որ Հազարան Բըլբուլի ետևից է գնում, շատ խնդրեցին, որ ետ կենա էդ վտանգավոր մտքից, [որովհետև] անկարելի է, ասին, ձեռք բերել Հազարան Բըլբուլը։

— Մնա մեզ մոտ,— ասին[6].— մնա մեզ մոտ միշտ ուրախ ու երջանիկ, հանգիստ ու անհոգ․․․

— Ո՛չ,— պատասխանեց Արեգը,— ես նպատակ ունեմ, պետք է գնամ իմ նպատակի ետևից։ Պետք է գտնեմ Հազարան Բրլբուլը, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը՝ մարդ։

Ու քանի դեռ իմ նպատակին չեմ հասել— ոչ վայելչություն կա, ոչ հանգստություն ինձ համար։

Ոգիները[7] երբոր տեսան Արեգը[8] իր ճամփից ետ չի դառնալու, էն ժամանակ ասին < . . . >

  1. ա. հողածինը գա մեզ մոտ․․․ բ. հողածինը հասնի գ. հողածինը ընկնի
  2. ա. մեջտեղը բ. առաջները
  3. զարմանքից
  4. Ապա թե հարցրին, թե ուր է գնում Արեգը.
  5. Արեգը
  6. ասացին նրանք
  7. փերիները
  8. անկոտրում է Արեգը