որ եթե նրան մոտեցար, կորած ես արդեն։ Դուրս գաս թե չէ, դարձյալ խեղկատակները առաջդ կգան, ծառ, քար, հող, ջուր, լեզու կառնեն, կաղաղակեն. «Տարա՜վ, տարա՜վ, հողածինը տարա՜վ», [դու] ետ չնայես, թե չէ՝ դարձյալ[1] քո վերջն է։
[Շնորհքը այդպես էլ արավ]։ Շնորհքը անցավ լեղի գետը, փշոտ դաշտը, անցավ փշոտ դաշտերը, զվարթ, և փուշը թվաց վարդ, անցավ խեղկատակների միջից, առյուծի ու խոյի ուտելիքներն իրանց տվեց, փակ դռները[2] բաց արավ, բաց փեղկերը[3] փակեց ու ներս մտավ։ Ներս մտավ երջանկության բնակավայրը։ [Մշտադալար կախարդական աշխարհքի] վարդերի թարմ ու անուշ բուրմունքից [ու] Հազարան բյուլբյուլի երկնային դայլայլիկներից նրա ուշքը վերացավ, [իրան մոռացավ]։ Հրաշալի թռչունի[4] կտուցից [ձայների հետ] թափում էին ու թափում թարմ, անթառամ վարդերը, և երգը բուրմունքից ավելի քնքույշ էր ոը հափրեցնող[5]։ [Թավշյա] բատիստների վրա[6] լուսեղեն անկողնում պառկած քնած էր կախարդական աշխարհքի չնաշխարհիկ[7] թագուհին։ Նա վերմակը ետ էր գցել, դուրս էր հանել աստվածային կուրծքն ու բազուկները[8]։ Հողեղեն սիրտը անկարող էր դիմանալ գերբնական գեղեցկությանը, այն զորեղ հրապուրանքներին[9]։ Շնորհքի աչքերը մթնում էին [կրքից], գլուխն իրան-իրան խոնարհեց, համբուրեց այնպես ջերմ, որ այրեց ու հետքը մնաց քնքույշ թուշի վրա[10]։ Բայց հանկարծ ցնցվեց, ուշաբերվեց, հիշեց Քամի-ձիու խրատը, վեր առավ Հազարան բյուլբյուլն ու շտապ դուրս եկավ կախարդական ապարանքից[11]։
- ↑ կրկին
- ↑ բաց դռները
- ↑ դռները
- ↑ ա. Հազարան բյուլբյուլի բ․ զարմանալի թռչունի
- ↑ արբուցիչ
- ↑ նրա առջև
- ↑ ա. մատաղ բ. մշտամատաղ
- ↑ Նա վերմակի ծայրը մի փոքր ետ էր գցել, [կրծքից] ու դուրս [էր] հանել աստվածային կուրծքն ու գիրգ բազուկները
- ↑ ա. Այն բոլոր հրապուրանքներին հողեղեն սիրտը չէր կարող դիմանալ բ. հողեղեն սիրտը չէր կարող դիմանալ այն գերբնական հրապուրանքներին
- ↑ Շնորհքի գլուխն իրան-իրան խոնարհվեց, և դողալով Շնորհքը համբուրեց քնած աղջկանը և տաք համբույրի հետքը մնաց դրոշմված քնքույշ թուշի վրա։ [Շնորհքի] նրա աչքերը [մթնեցին] մթնում էին կրքից:
- ↑ երկնային այն տիրությունից: