Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ական թոթափել հեծավ ու թռավ։ [Մի ակնթարթում անցան]։ Ծովեր, անդունդներ, անապատներ, [աշխարհքներ] անցան, որ դժոխքի ձայները լսում էին, լեռներ, որ հասնում էին աստծու գահին, հասան Հազարան բյուլբյուլի տերության սահմանը։ [Մի ակնթարթում Շնորհքին այստեղ վեր բերեց Քամի– ձին ու այսպես խրատեց]։ «Սրանից դենը կախարդական աշխարհքի[1] սահմանն է սկսվում»,— ասաց Հրաշալի ձին։— Կգնաս, առաջդ մի գետ կգա։ Հազարան Բյուլբյուլի տերը նրա ջուրը դարձրել է աղի-լեղի, բայց դու որ խմես, պետք է բացականչես՝ ա՜խ, ինչ անմահական ջուր է։ Գետը որ անցնես, կբացվի մի լայն տարածություն, Հազարան բյուլբյուլի տերը նրան լցրել է փուշ ու տատասկով[2], դարձրել անանցանելի, [բայց] դու պետք է փուշը պոկես, հոտ քաշես ու ասես՝ ա՜խ, ինչ անուշ հոտ է, դրախտի ծաղիկն է իսկը։ Այդ Էլ որ անցար, Հազարան բյուլբյուլի տիրոջ [եթերային] ապարանքը աչքիդ կերևա։ Այն ժամանակ առաջդ խեղկատակներ կգան, այն ծաղրածությունները, այն խաղերը կանեն, որ հարյուր տարվան մեռելը ծիծաղի, բայց դո՛ւ չպետք Է ծիծաղես․․․

Ապա թե քեզ կհեգնեն, կծաղրեն, կհայհոյեն, [դարձյալ] չպետք Է ուշք դարձնես, [թե չէ կհաղթվես ու կոչնչանաս]։ Կհասնես ապարանքի առաջը, դռների այս ու այն կողմը կըտեսնես առյուծն ու խոյը[3] կապած, սոված։ Առյուծի առաջը խոտ է ածած, խոյի առաջը միս է դրած։ Նրանց ուտելիքներն էլ կփոխես ոլ կանցնես։ Կհասնես դռներին, կտեսնես դռան մի փեղկը փակ է, մյուսը՝ բաց։ Բաց դուռը կփակես, փակը կբանաս ու ներս կմտնես։ Վերև, ապարանքում, ոսկի վանդակի մեջ երգում է Հազարան բյուլբյուլը և [նրա] երգի հետ մշտադալար վարդեր են թափում բերանից։ Վարդերի անուշ բուրմունքով ու երգի դայլայլներով արբեցած իր լուսեղեն անկողնում քնած [է] նրա հրաշագեղ տիրուհին։ Բյուլբյուլն[4] իր վանդակով կվերցնես ու դուրս կգաս, առանց աղջկանը [նայելու կամ] ձեռք տալու։ [Հա՜] Բայց այս մեկը լավ հիշիր,

  1. Հազարան բյուլբյուլի տերության
  2. իր թովիչ հնարքով
  3. ոչխարը
  4. նրա կտուցից սոխակն