Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եկավ Ձկան մոտ։— Ձո՛ւկը, Հազարան բյուլբյուլը դեսն անց է կացել, կամ տուր, կամ տեղն ասա, թե չէ կտոր-կտոր եմ անում։ Ձուկը թե՝ ես ի՞նչ անեմ, ես Ձուկն եմ ծովի միջին, նա քեզ պես երկնքումը, թռավ, դենը տարավ։

Անց կացավ, եկավ թագավորի քաղաքի մոտ վեր եկավ։ Թլիսմի գրերը քանդեց ու մի նոր էնպես գիր արավ, որ քաղաքին երևաց, թե երեք կարգ զորքով քաղաքը շրջապատված է։ Եկան թագավորին հայտնեցին, թե քաղաքը պաշարված է, եթե դու թշնամի ունես, ինչո՞ւ չես արթուն մնում։ Թագավորն եկավ էս աղջկա մոտ, թե՝ ի՞նչ ես ուզում ինձանից։ Թե՝ իմ Հազարան բյուլբյուլը էստեղ է, տո՛ւր, թե չէ քաղաքիդ վրա կրակ եմ թափում։ Թագավորր թե՝ լավ, դու էդ զորքը վեր կալ, որ քաղաքումը կնիկ, երեխա կա, վախից կոտորվում են, մինչև տեսնենք ինչ ենք անում։ Թագավորը գնաց, տղերանցը կանչեց, թե՝ ա՛յ որդիք, Հազարան բյուլբյուլի տերն եկել է, գնացեք, տեսնեմ ինչ պատասխան եք տալիս։ Փոքրն ասաց՝ ես կերթամ։ Մեծը թե՝ քո բանը չի, ես կերթամ ու տես ինչ եմ անում։ Հազարան բյուլբյուլի տերը երկու արաբ դռնապան էր կանգնացրել շեմքում ու պատվիրել, թե մտնողը եթե իմ ասած մարդը կլինի, լավ, թե չէ, որ աչքով անեմ, տվեք, ատամները փորն ածեցեք։

Թագավորի տղեն եկավ, բարով տվին, բարով առան։ Աղջիկը հարցրեց, թե՝ ա՛յ տղա, Հազարան բյուլբյուլը դո՞ւ, ես բերել։

Թե՝ ես եմ բերել։

— Ո՞րտեղից բերիր։

Թե՝ երեք ճամփաբաժանում մի բարձր խաչքար կա, նրա վրա վանդակով քարշ արած էր, վերցրի, բերի։

Այստեղ, Հազարան բյուլբյուլի տերը որ աչքով արավ արաբներին, տվին թագավորի տղի ատամները փորն ածին ու էսպես խայտառակված ճանապարհ դրին։ Միջնակն էլ եկավ, էլ էսպես փոր֊փոշման գնաց։ Վերջը Հազարան բյուլբյուլը բերող փոքր տղեն եկավ։ Գալուն պես թե՝ բարով, սիրուն աղջիկ, ասավ ու ծիծաղեց։ Աղջիկը թե՝ ա՛յ տղա, բարևն ասենք աստծունն է, ծիծաղդ էլ ի՞նչ էր։ Թե՝ ոչինչ, ճանապարհին գալիս մի աղջիկ տեսա ներքին շորերը քանդած, ոտներն ընկած։