բերին ոսկեղեն ու արծաթեղեն ամաններով, տեսակ-տեսակ մրգեղեններ, քաղցրավենիք ու զովարար ըմպելիքներ բերին նույնպես ոսկեղեն ու արծաթեղեն գավաթներով ու անոթներով։
Այդ ճոխ-շռայլ հյուրասիրությունը զարմացրեց Շնորհքին։
— Մի՞թե այսքան շռայլ է պատվում ձեր թագավորը իր բոլոր հյուրերին,— հարցրեց ծառայողներին։
— Թեկուզ հետին աղքատ, թե հարուստ,— պատասխանեցին ծառաները։
Բայց նա ավելի զարմացավ, երբ որ այդ բոլոր անոթները դատարկվելուց հետո մի առանձին պահարանում թողին իրան մոտ, և մյուս անգամ նոր թանկագին ամաններ բերին, այս էլ թողին և այսպես շարունակ։
— Ինչո՞ւ եք այստեղ թողնում,— հարցրեց Շնորհքը։
— Մեր թագավորի հյուրասիրության կարգն այդպես է,— պատասխանեցին սպասավորները,— այն բոլոր անոթները, ինչ որ գործ է ածում հյուրը, որքան ժամանակ որ մնաց, բոլորն իրան են պատկանում, պետք է գնալիս իրան հետ տանի։
Այս անօրինակ շռայլությունը անպատճառ կապ ունի թագավորի գաղտնիքի հետ, մտածեց սրտագետ Շնորհքը և խնդրեց, որ թագավորին հայտնեն։
— Ի՞նչ ես կամենում, օտարական,— հարցրեց Սինամ թագավորը,— կամ ո՞ր աշխարհքիցն ես դու։
— Ձեր տերության պայծառությունն եմ կամենում,— պատասխանեց Շնորհքը,— ես թափառական մարդ եմ, ամեն աշխարհ ման եմ եկել, ամեն տեսակ հրաշք տեսել եմ, միայն ինչ որ տեսա ձեր տերության մեջ, այդ ինձ շատ զարմացրեց։
— Ի՞նչը — հարցրեց Սինամ թագավորը։
— Ձեր ողորմության այս անչափ առատությունը, տեր արքա,— պատասխանեց Շնորհքը։— Ես ահա մի քանի օր է հյուր եմ ձեր ողորմածությանը և այժմ հեռանալիս այնքան արծաթեղեն ու ոսկեղեն անոթներ պետք է տանեմ, որ մի ահագին հարստություն են կազմում։ Այդպես և ձեր մյուս անհամար հյուրերը, որ ամեն աշխարհքից գալիս-անցնում են ձեր մայրաքաղաքով։ Ամեն մի եկող-գնացող անպատճառ տեսածը կպատմի յուր հայրենիքում, ինչպես ես եմ պատմելու,