և քիչ չեն բախտախնդիր մարդիկ, որ ամեն կողմից կգան ձեր ծայրահեղ ողորմածությունը հարստահարելու։ Մի՞թե այդ լավ է կամ արդյոք չի՞ սպառիլ նույնիսկ անհուն հարստությունը և տերությանը սնանկություն < . . . >
— Այս շռայլության մեջն եմ գտնում ես իմ հոգու հանգստությունը,— ասաց Սինամ թագավորը,— այս անչափ ողորմածություններով եմ ուզում կսկիծս մեղմացնել ու վիշտս մոռանալ։
— Թողություն արեք համարձակությանս համար,— խոսաց Շնորհքը,— ես աշխարհք տեսած մարդ եմ, գուցե կարողանամ մի ճար անել ձեր ցավին, եթե շնորհ անեք ինձ պատմելու։
— Ո՛չ, այդ իմ գաղտնիքն է,— պատասխանեց Սինամ թագավորը,— այդ գաղտնիքը ինձ հետ պետք է հողը մտնի։
— Ես այնքան համակված եմ ձեր անհայտ վշտով և այնքան բուռն է իմ մեջ ձեզ օգնելու ցանկությունը և այնքան վստահ եմ իմ ունեցած հմտությանը, որ չեմ դադարիլ թախանձելու ձեր վեհությանը, որ ինձ հայտնեք այդ վիշտը։
— Դու բարեսիրտ մարդ ես, ո՛վ անցվորական, և շատ հաճելի ես իմ սրտին, դրա համար էլ ավելի ևս չեմ կարող պատմիլ իմ գաղտնիքը։ Դե որ այդքան սրտով ուզում ես իմ գաղտնիքն իմանալ,— ասաց թագավորը,— գնա առաջ իմացիր Ցնորք մինարեի երգչի ցավը։ Նա ուրախ, զվարթ, ոգևորված գալիս է, բարձրանում մինարեի գլուխը, երգում է, երգում և այնտեղից իջնում է տխուր, մռայլ, խորտակված․․․ սկսում է կուրծքը ծեծել, մազերը փետել.— Գնա նրա ցավն իմացիր, այնժամ իմ գաղտնիքը քեզ կասեմ։
Վեր կացավ Շնորհքը, ճանապարհ ընկավ։ Գնաց՝ հարց ու փորձ անելով ման եկավ, գտավ Ցնորք մինարեն։ Մոտը կանգնեց սպասեց մինչև երեկո։ Իրիկնադեմին հայտնվեց երգիչը– մի գանգրահեր բարձրահասակ տղա մաշված դեմքով, կրակոտ աչքերով։ Աշխույժ, ուրախ, խնդալով նա եկավ բարձրացավ մինարեի գլուխը և սկսեց երգել։ Շնորհքին թվաց, թե հրեշտակի ձայն էր գալիս երկնքից։ Հոգեզմայլ դրության մեջ այնքան կախարդիչ, այնքան հուզիչ էր Ցնորքի երգչի ձայնը։ Նրա երգի ձայնից թովված երկնքի թռչունները հավաքվեցին