Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի քայլ և ահա ջրի ափից մի ուրիշը երևեցավ։ Սա ավելի շքեղ, ավելի չքնաղ և գեղեցիկ արարած։

Նա ինձ նայեց.
Ասես երկնից կայծակ զարկեց իմ սրտին,
Եվ աչքերս խոնարհեցի ես գետին։
Ո՞վ ես, ասավ, ինչպե՞ս եկար, Կամ ո՞վ է քեզ ուղարկել,
Թե երկնային ոգի ես դու, նստիր ննջեմ քո գրկում։
Բայց, տես, եթե ինձ համբուրես, կկորցնես այնքան բան,
Որ ողբալու ոչ աչքերդ և ոչ կյանքդ է բավական։

Ես նստեցի, նա թեք ընկավ իմ գոգում և քնեց։ Կուսական մարմնի հպումից ընդարմություն եկավ ինձ։ Կուսական թարմությունից արբեցած նայում եմ ես, թե ինչպես նրա չնաշխարհիկ կուրծքը ելնում է— իջնում, սիրտս վառում է, և նրա անթարթ աչքերի թերթերունքները բորփում են, բորբոքում սրտիս կրակը։ Գլուխս պտտվեց, ինձ թվաց, թե այն դեմքը մոտենում էր ինձ, և ես միայն համբույրն զգացի։ Զարթնեց նա և կանչեց.

— Ափսո՜ս, թշվառ հողեղեն, մի համբույրով դու կորցրիր այնքան բան։

Նա էլ անհայտացավ, և ես ցավից ու սրտնեղությունից ինձ անիծելսվ մտածում էի։

Այս ժամանակ ինձ սթափեցրեց մի ուրիշ ձայն։

— Ո՞վ ես, հողեղեն, որ դեգերում ես անմահների օթևանում։

Մտիկ արի, տեսնեմ բարձր ծառի տակ կանգնած ուրիշ մի աղջիկ։ Բոլոր ուժս հավաքելով, լեզվիս կապանքը խզեցի և աղերսելով այսպես ասացի.

Գթա, չքնաղ, ասա տեսնեմ, ո՞ւր եմ ընկել արդյոք ես,
Եվ ո՞վ եք դուք, որ տանջում եք անդադար ինձ այդպես։

Իմ հոգին չի դիմանալ ձեր հրապուրանքին գերբնական, ողորմացեք, քնքուշ ոգիք, ինձ իմ ուժից վեր փորձության մեջ։