Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բազմություն, այնպես էի երգում, որ երկնքի թռչունները հափշտակված գալիս էին թրթռալով գլխիս շուրջը պտտվում։ Այդ թռչունների միջից մեկը՝ մի մեծը երգելու ժամանակ իջավ— ինձ հափշտակեց ու տարավ։ Նա տարավ, ինձ վայր դրեց մի տեղ, դրախտի մեջ։ Աչք եմ ածում, դրախտն է շուրջս։

Նայում եմ չորս կողմս, դրախտի հավքերը մշտադալար թփերի վրա օրհնություններ են երգում ու ծլվլում են ջինջ, բուրավետ օդում, անմահական ջրերը անուշ ձայներով կարկաչում են, ծիծաղում են երջանիկ ափերի մեջ, և հեզ օրորվելով բուրմունք են ծավալում անթառամ ծաղիկները․․․ Ես հիացած եմ, ինչ որ տեսնում եմ և սպասում եմ, թե ինչ պետք է տեսնեմ։ Մի փոքր առաջ գնացի, խնկենի թփերի ետևից հանկարծ դիմացս ելավ մի հուրի֊հրեղեն աղջիկ։ Թափանցիկ մարմինը սքողված է թեթև մշուշի մեջ և երկայն մազերը թիկունքին մեղմ ծփում են տված մեղմիկ զեփյուռին։ Աստվածային իր աչքերը գցեց ինձ վրա, ուշքս թռավ իմ գլխից, աչքերս խոնարհեցի։

— Է՜յ, հողեղեն,— կանչեց աղջիկը,— երկնքի թռչուններն էլ չեն կարողանում այս կողմերն անցնել, դու ի՞նչ սրտով ես այստեղ մտել և շփոթում ես մեր անմեղ սրտերը։ Սակայն եթե դու արժանավոր մեկն ես, նստիր, գլուխս պետք է դնեմ ծնկանդ ու քնեմ։ Բայց վա՜յ, եթե ինձ համբուրես, շատ կզղջաս։

Ծնկներս ակամա ծալվեցին․․․ Նա պառկեց, գլուխը դրեց ծնկանս ու աչքերը փակեց։ Ես նայեցի, քանի նայեցի սիրտս ցանկացավ, սիրտս վառվեց, էլ չկարողացա դիմանալ, գլուխս իրան֊իրան իջավ և․․․ համբուրեցի։ Համբույրից վեր թռավ նա և կանչեց.

— Ա՛յ անհամբեր հողեղեն, ձեզ չի լինիլ հավատալ։ Մի՞թե ես քեզ չզգուշացրի։— Դու ինձանից մի համբույր գողացար, բայց շատ բանից զրկվեցիր։

Ասաց ու չքացավ։ Ես մնացի կանգնած՝ ապաշավանքով և ափսոսանքով հոգիս լիքը։ Սկսեցի առաջ գնալ և մտածում եմ չեմ հասկանում, թե ինչ եմ ես, ուր եմ գնում։ Կրկին մի