քանդած էին ու դեմքը կարմրատակած, այլայլված, սառն էր՝ մարմինը։
Առավոտը, որ վեր կացանք, նա պճնված ու ժպտալով եկավ ինձ ջերմագին համբուրեց, քնքշալով ու փայփայելով հարցրեց.— Ինչպե՞ս անց կացրիր գիշերը, իմ աչքի լույս թագավոր, ինչո՞ւ ես գունատ, ինչո՞ւ են աչքերդ պղտոր։
— Ոչինչ, գլուխս միայն քիչ ցավում է։
Հետևյալ գիշերը թեև ես ամեն հնար գործ դրի, որ անփույթ երևամ և շուտով պառկեցի, բայց նա նկատեց իմ անհանգստությունը և երկար սպասեց։ Գիշերվա մի ժամին վեր կացավ, կրկին հուլունքը դրեց կրծքիս ու նույն ձևով դուրս գնաց։ Դուրս եկա ետևից, և հենց որ նա հեռացավ, ես երևացի։ Ձիապանը՝ շփոթված իմ այդ անակնկալ երևալուց, դողդողալով առաջ եկավ։— Դուրս բեր,— ասացի,— իմ նժույգը։ Նժույգս դուրս բերեց, հեծա, հողմի նման հետևեցի թագուհուն, որ հեռվում սևին էր տալիս։ Նա գնաց, ես հետևեցի։ Երկար ճանապարհ կտրեցինք։ Վերջապես հեռվից ես մի լույս նկատեցի։ Նա կանգ առավ այդ լույսի առաջ։ Իջավ, ներս մտավ։ Ես էլ հեռու իջա և կամաց, մթնումը մոտեցա այդ բնակարանին։ Տեսնեմ մի մեծ քարանձավ, յոթը այլանդակ ավազակներ մեծ խարույկի շուրջը բոլորած իրանց անհեթեթ ուրախությունն են անում ու հրճվում։ Հանկարծ թագուհին, որ ներս մտավ, նրանցից մեկը վեր թռավ, մի ապտակ զարկեց ու վրեն գոռաց՝ անզգամ, ինչո՞ւ մեզ այսքան սպասել տվիր, գիշերն անցնում է, և մեր քեֆն առանց քեզ։ Ներիր, իմ սիրելի,— ասաց թագուհին,— ամուսինս այս գիշեր ուշ քնեց, մինչև քնացրի, ես էլ ուշացա։ Իմ հանցանքի համար ահա ձեզ իմ համբույրը, և շարունակեցեք ձեր քեֆը։
— Ճի՞շտ է, Ալվարդ։
— Ղա՜,— կռավեց ագռավը։
Ես մթնից տեսնում էի, թե անճոռնի հարամիներր ինչպես էին ագահ համբուրում ու լափում թագուհու շրթունքներն ու այտերը։ Երբ որ հագեցան, նստեցին նոր քեֆի։– Ե՜րգ, ե՛րգ,— գոռաց պետը,— երգեցեք մեր երգը։ Եվ հարամիները երգեցին.