Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դահի՛ճ,— գոչեց Սինամ արքան։

Բայց այդ ժամանակ հայտնվեց Քամի ձին։ Շնորհքը թռավ, միայն նրա վերջին խոսքերը կարողացավ բռնել Սինամ թագավորը.— Թե՝ գնա․․․ մշտադալար այգին․․․ այնտեղ կգտնես դու քո առաջվան Ալվարդին․․․

Հետևյալ օրն իր տերությունը թողեց ու ճամփա ընկավ Սինամ թագավորը՝ աշխարհե֊աշխարհք հարցնելով մշտադալար այգին։


Մասն երկրորդ
3. ՍԻՆԱՄ ԹԱԳԱՎՈՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Վեր կացավ թագավորի տղեն, դարձյալ գնաց Զրուտ ղուշի մոտ։ Զմրուտ ղուշը թե՝ ա՛յ տղա, ով գիտի եկավ, քեզ գտավ, տեղդ նեղեց։ Թե՝ հա՛, եկավ գտավ ու տեղս շատ է նեղել։— Ի՞նչ է ասում, ի՞նչ է ուզում։ Թե՝ ինձանից Սինամ թագավորի պատմությունն է ուզում։— Ա՛յ տղա, էդ շատ դժվար բան է, բայց քեզ համար դարձյալ պետք է աշխատեմ, արի թևս, ես քեզ այնքան կբարձրացնեմ, որ արևին հասնես, երբ որ կտեսնես արևն այրում է, այնքան ուժ ունենաս, որ ինձ խփես, այն ժամանակ ես քեզ վեր կբերեմ Սինամ թագավորի քաղաքը,— ասավ Զմրուտ ղուշը, թևն առավ ու թռավ։

Գնա՜ց-գնա՜ց, գնաց Սինամ թագավորի քաղաքի մոտ վեր եկավ։ Այստեղ թագավորի տղին խրատեց՝ կերթաս ասավ, Սինամ թագավորի մոտ ծառա կմտնես, մի քանի ժամանակ որ անց կենա, կասես՝ թագավորն ապրած կենա, իմացել եմ՝ քեզ պատմություն կա ու գիտեմ ոչ, լսել չեմ, խնդրում եմ, որ ինձ պատմես։ Նա կասի, որ՝ ով որ իմ պատմությունը իմանա, պետք է գլուխը տա։ Ասա՝ իմ արյունը քեզ հալալ, միայն թե քո պատմությունը իմանամ։ Երբ որ պատմությունը կասի կպրծնի, ասա՝ մի քիչ ժամանակ տուր գյուլաստանը ման գամ ու ետնա գլուխս տալ տուր։ Հենց որ դուրս գաս այգին, այս փետուրը կրակ տուր, իսկույն դուրս կգամ քեզ մոտ ու կթռցնեմ, էլ ետ կբերեմ քո հոր քաղաքը։ Այսպես խրատեց