սրան հարցրեց, թե՝ ա՛յ մարդ, էս ավանակը քո՞նն է։ Թե՝ իմն է, թագավորն ապրած կենա։ Թե՝ ապա ինչո՞ւ է քո ավանակը քեզանից գանգատ անում։ Թե՝ ես ի՞նչ գիտեմ, դե անասուն է, ես էլ ինչպես անասունի կարգն է էնպես բանացնում եմ, էլ ընչի՞ պետք է գանգատվի։ Ես էլ կանգնած լսում եմ, հասկանում եմ, ինչ որ խոսում են, միայն լեզու չունեմ, որ խոսեմ, հասկացնեմ։ Թագավորի առաջին վեր ընկա, թավլի տվի, փալանս շուռ տվի, գցեցի փորիս տակը, մեջքիս վերքերը բացվեցին։ Թագավորն էս որ տեսավ, իմ տիրոջ վրա գոռաց, թե՝ անիրավ մարդ, դու ի՞նչ աստված ես պաշտում, էս ինչպե՞ս ես բանացրել էս անասունին, որ մեջքին մի սաղ տեղ չկա։ էս մարդը թագավորին թե.
— Ես ի՞նչ անեմ, ես մեղավոր չեմ, էս ավանակն երկու կնիկն են ինձ տվել ու պատվիրել են, որ այսպես չարչարեմ։
— Դե որ էդպես է, գնա էն երկու կնկանը կանչիր, բեր էստեղ,— հրամայեց թագավորը։
Աղքատը գնաց, զոքանչիս ու կնկանս բերեց, թագավորի առաջին կանգնացրեց։
— Դուք ի՞նչ խղճմտանքի տեր եք,— հարցրեց թագավորը,– ինչո՞ւ եք ձեր անասունը տվել էս մարդին, որ այսպես անիրավ բանացնի ու չարչարի։
Զոքանչս ու կինս պատասխանեցին.
— Թագավորն ապրած կենա, մենք մի սիրուն, թագավորի վայել երեխա ունեինք։ էս ավանակի վրա նստացրինք, որ ման ածենք, ուրախանա։ Անպետք ավանակը հանկարծ փախավ, տրտինգ արավ, երեխին քարերի վրա վեր գցեց, երեխեն մեռավ։ Մենք էլ կսկծից տվինք էդ մարդին ու պատվիրեցինք, որ տանի բարձի, բանացնի, չարչարի։ Հիմի կսկիծներս մոռացել ենք, սիրտներս վեր է նստել, մենք էլ զղջացել ենք, որ էդպես ենք վարվել, խնդրում ենք, որ մեր անասունը կրկին մեզ հանձնես։ էլ մեղքը մերն է, մենք կտանենք, վերքերը կառողջացնենք, կպահենք կպահպանենք։
Թագավորն էլ ինձ հանձնեց նրանց թե՝ դե տարե՛ք, էդ վերքերը լավացրեք ու այսուհետև էլ էդպիսի անխիղճ բան չանեք։ Սրանք էլ թագավորին շնորհակալություն արին ու ինձ վեր կալան, քաշելով բերին տուն։