Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեսնում ես, թե ես ինչեր եմ տեսել։
Իմ պատմությունը լավ լսիր, տղա՛,
Արդեն զրույցիս վերջին եմ հասել,
Ուր որ է հիմի դահիճը կըգա։


Սրանց մոտ մի մայր ու իր աղջիկը աղախնություն էին անում։ Աղջիկը ամեն գիշեր զոքանչիս ու կնկանս շորերը հանում, ոտները լվանում, քնացնում ու կրկին գալիս էր մոր մոտ։ Մի անգամ լսում է կնոջս ու զոքանչիս թաքուն խոսակցությունը ու գալիս է մորը թե՝ մայրի՛կ, գիտես ի՞նչ կա։

Թե.

— Ի՞նչ կա։

Թե.

— Էս վերքոտ ավանակը որ կա, Սինամ թագավորն ինքն է։ Կինն ու զոքանչը կախարդական մտրակով զարկել են, շինել են ավանակ։

Թե.

— Աղջի՛կ, դու ճշմարի՞տ գիտես, որ էդպես է։

Թե.

— Հաստատ գիտեմ։

— Դե որ էդպես է, դու չե՞ս կարող այդ մտրակը ինձ հասցնել,— հարցրեց մայրը։

— Ինչու չեմ կարող,— պատասխանեց աղջիկը,— միշտ բարձի տակն են դնում ու քնում։ Երբ որ քնեն, բարձի տակիցը կհանեմ, կբերեմ։

Մայր ու աղջիկ էսպես խոսքումին արին։ Մի գիշեր էլ կնկանս ու զոքանչիս քնացնելուց հետո էս աղջիկը կախարդական մտրակը նրանց գլխատակից հանեց, տարավ տվեց մորը։

— Աղջիկս,— ասաց մայրը,— եկ էս գիշեր ևեթ փորձենք, թե մի բան կդառնա, շատ լավ, իսկ թե չի դառնալ, կրկին տանենք տեղը դնենք, որ առավոտը տիրուհիները չիմանան, թե չէ մեզ կմահացնեն։

Էսպես՝ կես գիշերին մայր ու աղջիկ եկան կախարդական մտրակով մի անգամ ինձ զարկեցին, թե.