Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ու տեղն ու տեղը քոթուկ դարձավ: Մեկ էլ կնկանս զարկեցի ու ասեցի.

Նենգ խաբեբա,
Անխիղճ, ժանտ իժ,
Առ քեզ պատիժ։
Զոր մտրակի
Զարկ զորավոր,
Եղիր իսկույն
Անեծքաչոր։


Դա էլ դարձավ քոթուկիցը կպած մի սև ագռավ։

Մեկ էլ զարկեցի իմ ծառային։

Էստեղ Սինամ թագավորը ետ դարձավ, հարցրեց.

— Զոքանչ, էդպե՞ս է։

Քոթուկը ծխաց։

— Կին, ճշմարի՞տ եմ ասում։

Ագռավը ղռռաց։

— Ծառա, իրա՞վ են ասածներս։

Շունը կոնձկոնձաց։

Սրանց էսպես անելուց հետո կախարդական գավազանս գցեցի ծովը։ Հիմի կարո՞ղ ես գտնել ցավիս դարման (որ դրանց ուրիշ բան անեմ)։

Իմ պատմությունը աշխարհ ընկնելու բան չի, ով որ լսի, պետք է այստեղ․․․ Ասավ Սինամ թագավորն ու կանչեց,– Դահի՜ճ։ Կացինը ձեռքին դահիճը եկավ։ Էստեղ տղան աղաչեց, թե՝ թագավորն ապրած կենա, մի բան, որ արդեն էլ ինձ փրկություն չկա, քո ձեռքին եմ, իմ արյունը քեզ հալալ եմ արել։ Միայն մի խնդիր ունեմ, խնդրում եմ վերջին ցանկությունս կատարես։ Ես էլ թագավորի որդի եմ, խնդրում եմ, որ վերջին անգամ թողնես, գնամ քո այգիներում ման գամ, ինչպես իմ հոր այգիներում, մի կարոտս առնեմ, նրանից հետո գամ, իմ արյունը քեզ հալալ։

Թագավորը իրավունք տվեց, հետը պահապաններ դրեց, ուղարկեց յուր այգին, որ ման գա ու մի ժամից հետո բերեն, գլուխը կտրեն։