Ա՛յ դու թևավոր,
Սինամ թագավոր.
Զարկում եմ ահա,
Էլ եղիր արքա,
Առաջվան կարգով,
Գահով ու թագով։
|
|
Իսկույն դարձա առաջվան Սինամ թագավորը։ Ընկա իմ հին աղախնի ոտները, թե՝ դու այսուհետև իմ մայրն ես։ Մտրակը ձեռքիցն առա ու իրանց ճանապարհ դրի։ Էլ քունս չտարավ, մտրակը ձեռքիս այնքան ման եկա, այնքան պտըտվեցի որ լուսացավ։ Առավոտը կինս վեր կացավ, տեսավ կախարդական մտրակը չկա։ Դես մտրակ, դեն մտրակ, չկա ու չկա։ Ման գալով դուրս եկավ տեսավ, օհո՜, Սինամ թագավորը, կախարդական մտրակը ձեռքին, առաջին կանգնած...
Վա՛յ կանչեց այստեղ ոտներս ընկած,
Թե ներքևը դու, վերևը՝ աստված,
Ինքն աստվածն էլ է սխալական,
Որ ստեղծել է ինձ նման կնկան,
Ես մեղավոր եմ, պոռնիկ, սևերես,
Ես սխալվել եմ, դու պետք է ներես։
|
|
— Ո՛չ,— ասացի,— ես մի անգամ քեզ ներեցի, երբ որ քարանձավում ավազակի հետ պառկած գտա։ Նրանից հետո դու էս բաներն էլ, որ բերիր իմ գլխին, էլ այսուհետև քեզ թողություն չկա։ Կանչեցի զոքանչիս, կնկանս ու մի ծառայի[1], որ սրանց մասնակից էր։
Զոքանչիս մի անգամ զարկեցի ու ասեցի.
Ա՛յ անհոգի,
Զարկում եմ քեզ,
Պառավ ջադուկ,
Դարձի՛ր քոթուկ։
|
|
- ↑ Ծառայի մասին խոսք չկա ուրիշ տեղ։ (Ծ. հ.)