սոխակը, դուրս եկավ ապարանքից։ Առաջն եկան խեղկատակները, հող-ջուր սկսեցին աղաղակել՝ տարա՜վ, տարա՛վ, հողածինը տարա՜վ․․․ Շնորհքը ետ չնայեց, սիրտը սևացրեց, անցավ այդ փորձանքների միջից։
Քամի ձին հայտնվեց։ Առավ, թռցրեց Շնորհքին։ Մեկ էլ աչքը բաց արավ, տեսավ իր հոր թագավորության սահմանում։ Այստեղ Շնորհքը կանգնեց, միտք արավ, թե՝ հիմի եթե ես մենակ գնամ, կասեն Հազարան բյուլբյուլը գտել է, գոռոզացել, եղբայրներին թողել է օտար երկրներում ման գալով, ինքը վեր կացել, մենակ եկել։ Գնաց եղբայրներին որոնելու։ Ման եկավ ման, մեկին մի քաղաքում գտավ խորտկարարի խանութում ծառայելիս, մյուսին մի ուրիշ քաղաքում մրգավաճառի մոտ։ Պատմեց իր գլխի անցքն, ցույց տվեց Հազարան բյուլբյուլը, ու երեքը միասին ճանապարհ րնկան։ Ճանապարհին Շնորհքը ասաց, որ դեռ հաց չի կերել, մոռացել է, այժմ սաստիկ քաղց է զգում և խնդրեց եղբայրներին, որ հաց տան իրան։
— Դե Հազարան բյուլբյուլը մեզ տուր, հաց տանք,— առաջարկեցին եղբայրները։
— Ահա ձեզ Հազարան բյուլբյուլը,— ասաց Շնորհքը,— մի՞թե մեկ չի, թե դուք տարած, թե ես։— Եղբայրները Հազարան բյուլբյուլը առան ու մի աղի հաց տվին Շնորհքին։ Հացն ուտելուց հետո նա սկսեց ծարավից պապակել։
— Ահա այստեղ ճանապարհին ջրհոր կա, եկ գնանք այնտեղից ջուր հանենք, խմիր,— ասացին եղբայրներն ու Շնորհքին տարան մի խոր ջրհորի մոտ։
— Այժմ ո՞վ պետք է իջնի,— տարակուսելով ասաց մեծ եղբայրը։— Ես ոչ ծարավ եմ, ոչ կիջնեմ։
— Ես էլ չեմ կարող,— ասաց մյուսը։
— Ես կերթամ— ասաց Շնորհքը,— ջուր կհանեմ ինձ համար էլ, ձեզ համար էլ։ Միայն դուք թոկի ծայրը բռնեցեք։
— Լա՛վ, մենք թոկի ծայրը կպահենք,— ասացին եղբայրներն ու Շնորհքին կախ արին ջրհորը։ Հենց իջավ թե չէ, թոկը կտրեցին։ Հազարան բյուլբյուլը առան, ճանապարհ ընկան։ Շնորհքին թողին ջրհորի մեջ, թե թող չգա պարծենա, որ ինքն