թե քեզ այսքան ասացինք քո բանը չի, դու մի գնալ, վեր կացար գնացիր, որտե՞ղ էիր մինչև հիմա։ Շնորհքը պատմեց գլխի եկածը, բոլորը զարմացան։
— Ո՛չ, անկարելի է, որ քեզ նման մի անշնորհք տղա, որ մինչև անգամ < . . . > բաներ չես կարողանում անել, Հազարան բյուլբյուլը բերեր։ Եթե այդպես է, գնա սրա տիրոջն էլ բեր, այն ժամանակ կտեսնենք, որ դու ճշմարիտ ես եղել:
Շնորհքը դեռ ճամփի փոշին վրիցը թափ չտված, դարձյալ մնաս բարով ասաց յուր հայրենիքին ու ճանապարհ ընկավ։ Քամի ձիու սանձը ջրում թողեց, իսկույն Քամի ձին հայտնվեց։ Ձիու ճակատը համբուրեց, ական թոթափել հեծավ ու թռավ դեպի Հազարան բյուլբյուլի տիրոջ սահմանները։
Գնաց, տեսավ Հազարան բյուլբյուլի տիրուհին տխուր-տրտում նստած յուր ապարանքում։
— Դո՞ւ տարար Հազարան բյուլբյուլը, հողածի՛ն,— հարց արավ աղջիկը։
— Այո՛, սիրուն աղջիկ, ես տարա,— պատասխանեց Շնորհքը։
— Մինչև այսօր դեռ ոչ մի հողեղեն չի կարողացել իմ տերության սահմանը հասնել,— ասաց աղջիկը,— դևեր կան ճանապարհին, անտակ անդունդներ կան մինչև այստեղ, երկնահաս լեռներ կան ճանապարհը կտրած, փշալի անապատ, աղի-լեղի գետ է կտրում, աժդահաներ են հսկում իմ դըռներին, խեղկատակներ են կանգնած իմ ապարանքի մուտքին, հող ու ջուր, քար ու բույս պահապան էին դրված Հազարան բյուլբյուլին, դու ինչպե՞ս եկար, մտար այստեղ ու Հազարան բյուլբյուլը հափշտակեցիր, պատմիր տեսնեմ։
Շնորհքը պատմեց, թե՝ ես ճամփին պատահեցի սև դևին, հաղթեցի ու ազատեցի ծովերի թագավորի աղջկանը։ Քամի ձիու վրա անցա անդունդներն ու սարերը, անցա ապարանքի դռանը կանգնած ահավոր պահապանների միջից, դևի ուժին հաղթեցի։
Անդունդներն ու երկնահաս լեռները զվարճությամբ անցա, փշալի անապատը եդեմական պարտեզ թվաց ինձ, լեղի գետի դառնությունը չզգացի, խեղկատակների ծաղրին, աժդահաների ահին, առյուծի սարսափին, բոլորին դիմացա, բոլորին