Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թե՝ ես միս ուտո՞ղ էի, որ դու այսքան տարի առաջս միս էիր դրել։ Նա հազիվ միսն առաջիցս վեր կալավ, խոտ տվեց, ինչպե՞ս չթողնեի։

— Ա՛յ խեղկատակներ,— ասաց,— ձեզ պահապան եմ դրել, որ Հազարան բյուլբյուլը հողածինները չհափշտակեն, ինչպե՞ս տարան ձեր միջից։

Թե՝ մենք ի՞նչ անենք, մեր վրա մինչև անգամ չնայեց։

Վերադարձավ աղջիկը տխուր-տրտում, նստեց յուր անձեռակերտ ապարանքում, զրկված սոխակից, երգից, բուրմունքից։

Այսպես՝ աղջիկը տխուր, սոխակը լուռ, այգին փուշ կըտրած, մարդիկ արջ դառած, թագավորը հիվանդ, Շնորհքն էլ հորում։ Բայց ի՞նչ եղավ Շնորհքը հորում։ Հորն ընկավ, տեսավ ի՜նչ հոր, մի ահագին խավարչտին անդունդ։ Մոլորված առաջ էր գնում, հանկարծ երկու աղջիկ եկան։ Մեկը հրաշալի գեղեցիկ, մյուսը մի սև, ատելի արաբ։ Եկան թե չէ, ասացին.— Վա՜յ, խեղճ տղա, որտեղի՞ց ընկար դու այստեղ։ Այստեղ իջնող շատ ենք տեսել, գնացող չէ։ Հիմի որտեղ որ է, դևը կգա, քեզ կուտի։

Հենց այս խոսքում ֆշշացնելով դևն երևաց։ Հեռվից տղին տեսավ թե չէ, ձայն տվեց.— Հա՛, հա՛, հա՛, հա՛, այսօրվան կերակուրս էլ եկավ։ Բայց հենց որ մոտեցավ, Շնորհքի շենք ու շնորհքին մտիկ արավ, ասավ.— Ա՛յ տղա, դու մինչև այսօրվա իմ տեսածներից չես երևում, քեզ մի հարցնեմ, թե գտար, ազատ ես, թե չգտար, պետք է ուտեմ։ Թե՝ հարցրու։

— Սրանցից ո՞րն է գեղեցիկ,- հարցրեց դևը՝ ցույց տալով գեղեցիկ ու տգեղ աղջիկների վրա։

— Որին սիրտը սիրի, նա,— պատասխանեց Շնորհքը։

— Ապրե՛ս, գտար,— ասաց դևը և Շնորհքին ուսն առավ, դուրս հանեց խավար վիրապից։

Շնորհքը լույս աշխարհ դուրս եկավ, ճամփա ընկավ դեպի հոր թագավորությունը։ Եկավ, այնտեղ հասավ, որ Հազարան բյուլբյուլը լուռ կախած է չոր պարտեզում, հայրը հիվանդ, աշխարհքը հավաքված եղբայրների գլխին, իսկ եղբայրները պատմում են, թե ինչպես մի անտառում գտան Հազարան բյուլբյուլը։ Հայրը, երբ փոքր տղին տեսավ, վրան բարկացավ,