Ընկավ Մելիքն ամբարտավան ու պատերազմն արյունոտ։
Խաղաղ կյանքի, ուրախ օրվան բացվեց հայոց առավոտ։
Գըտավ կորցրած հանգիստն էլ ետ ամենն իրեն հարկի տակ,
Վեր բարձրացավ կըտուրներից ծուխը բարդ-բարդ, կապուտակ։
Կըտրիճ տըղերք զենքի տեղակ առան մանգաղ, գերանդին,
Զրը՜նգ, զրը՜նգ, զըվարթ ձենով գործը թընդաց մեր հանդին։
Դը՛մբ, հա դրը՛մբ, թըմբուկ զարկին, զուռնեն[1] հընչեց զիլ, ուժեղ,
Քեֆ, կեր ու խում, պար ու խընդում, ու հարսանիք ամեն տեղ։
— Ապրի Դավիթ, [մեր ապավեն], որ մեզ տըվավ ուրախ օր, 10
Իրեն կանանչ կարմիրն էլ թող էսպես կապենք բախտավոր…
Ու նըշանեց Ձենով Օհան, Դավթին արավ տուն ու տեղ,
Աղջիկ ուզեց արժանավոր, թագավորի զարմ ու ցեղ։