|
Աղջիկը ամենաթովիչ ժպտալով կանչեց.
— Ահա՜, ես քոնն եմ,— ասաց աղջիկը,— ե՜կ գրկիր: Շնորհքը գրկաբաց վրա թռավ․․․ գրկեց․․․ բայց գիրկը դատարկ էր— աղջիկը ուրիշ տեղ էր կանգնած, զարմացած Շնորհքի վրա խնդում էր, կրկչում։
Կրկին վրա վազեց Շնորհքը, ուզեց բռնել, կրկին անհաջող։
— Բռնիր, եթե կարող ես, ես քոնն եմ,— կանչում էր կախարդական աշխարհքի չնաշխարհիկ թագուհին և խուսափում, ինչպես երազ-պատրանք։
Դարձյալ հարձակվեց բորբոքված Շնորհքը, դարձյալ անհաջող։ Աղջիկը մյուս կողմից խնդում էր ու հեգնում.
— Ա՛յ դու անշնորհք Շնորհք, չես կարողանում ինձ բռնել։
Գերբնական գեղեցկուհին այսպես երկար տանջելուց հետո ասաց.
— Դե լսի՛ր, սիրելիս, դու այժմ չես կարող ինձ տիրել։
— Հապա, ե՞րբ կտիրեմ,— կանչեց հուսահատ տղան։
— Լսի՛ր ինձ, լսի՛ր։ Դու որ կարողացար այս բոլոր արգելքների միջով ներս թափանցել հողեղենին անմատչելի կախարդական աշխարհքը, մի գերմարդ ես դու երկնից իջած, դու կարող ես մարդու սրտի գաղտնարանն էլ ներս թափանցել։
|