Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չթքեք, այս վարդի փունջը դու քսիր երեսին, մյուս փունջն էլ փոքր եղբայրդ, այս վարդաջուրն էլ քույրդ, ու կանգնենք։

Այդպես էլ պատահեց։

Սեղանի վրա Հազարան բյուլբյուլը մի փայտ է խնդրում։ Բերում են։ Թագավորը խնդրում է, թե՝ հաց կերեք։ Հազարան բյուլբյուլն էլ թե՝ փա՛յտ, հաց կեր։ Թագավորր թե՝ ախար փայտն ինչպե՞ս հաց կուտի։ Երեք անգամ կրկնում է։ Թագավորը թե՝ ինչպե՞ս ես ինձ ծաղրում։ Թե՝ թագավոր, որ փայտը հաց չի ուտիլ, հապա դուք լսա՞ծ եք, որ մարդը շուն ծնի։ Հաց չկերավ, նրանք էլ չկերան։ Փոխեցին։ Կրկին փայտին։ Կրկին նույնը։ Մյուսը՝ կրկին։ Փայտն ուզում է դարձյալ (իրիկունը)։— Ջոխին հաց չի ուտի։ Թե՝ որ ջոխին հաց չուտի, ինսանը կատվի ձագ կծնի՞։ Հետո թե՝ թագավոր, այն կինը, որ դրել ես հրապարակում, հապա նա ինչպե՞ս շուն բերեց։ Բեր նրան այստեղ։ Տեսնենք այս տղերքն ու աղջիկը նա է՞ ծնել, թե չէ։ Բերում են, ստուգում է։ Մյուս երկու կանանց կապում են ձիու պոչից ու արձակում։ Ինքը դառնում է մեծ տղի կնիկ․․․ և այլն։ Վերջանում է։


9. «ՓՈՔՐԻ ԱՆՈՒՆԸ (ԼԱՎԻ) ՓԻՐ ԱՀՄԱԴ․․․»

(Իգդիրի) Հախվերիս գյուղացի աշուղ Ենովք Մկրտչյանց. 30 տարեկան, իրենց գյուղումն է լսել։

Փոքրի անունը (լավի) Փիր Ահմադ։ Որս է գնում։ Մի օր որսից դառնալիս տեսնում են մի պառավ կժով ջուր է տանում։ Ասում են, ո՞վ նետով այնպես կտա պառավի կուժին, որ կանթը մնա թևին, ու կուժն այնպես ընկնի, որ պառավի վրա ոչ մի կաթիլ ջուր չթափի։ Թագավորի տղեն ասում է՝ ես, ու գցում նետ ու աղեղը, տալիս կուժի կանթը պոկում։ Պառավը անիծում է, թե՝ դու թագավոր ես, քեզ անիծել չի կարելի, միայն քո բաղը չորանա, որ մինչև Հազարան բլբուլը չբերես, էլ կանաչի ոչ։

Հայրը որդոցը ճամփու է դնում Հազարան բլբուլը բերելու։ Գնում են։