Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/555

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



550 Եկավ Սասմա դաշտ, բանակը զարկեց

Սասունի գավառում, բարձր լեռների և կիրճերի արանքում, կան նաև ոչ մեծ դաշտավայրեր, որոնք էպոսի պատումներում կոչվում են տարբեր կերպ՝ Լորա (նաև Լուրա, Ռոլա) կամ պարզապես Սասմա դաշտ։ Ըստ էպոսի՝ այդ դաշտում են ծավալվում Դավթի կռիվները հարկահանների և ապա Մըսրա Մելիքի հետ։

553 Բաթմանա ջըրին եկավ ու չոքեց,

Բաթմանա գետը և նրա վրա կառուցված հռչակավոր կամուրջը (Փրե Բաթման), ըստ ժողովրդական վեպի, եղել է Սասունի և Մըսրի սահմանը: Գետն անցնում է Սասունի հարավային կողմով և թափվում է Տիգրիսի մեջ: Բաթմանա գետի և նրա կամրջի հետ կապվում են հնագույն ավանդություններ Գրիգոր Լուսավորչի հրաշքների, կործանված հեթանոսական մեհյաններից հալածված դևերի մասին։

591, 607 Խաչ պատրաստին իր աջ բազկին,

Պոեմի առաջին հինգ տպագրությունների մեջ (1903—1909) օգտագործվում է միայն «խաչ պատարագի» ձևը։ Բայց ՀԳ (1914) և հաջորդ երկու հրատարակություններում (ԳԳ, ԲՊ) Թումանյանը, հենվելով որոշակի գիտական տվյալների վրա, անցնում է «խաչ պատրաստին» բառաձևին։ Այդ մասին նա գրել է «Երկու բառ հայոց էպոսից» (1916) հոդվածում, ուր, տարբեր պատումների հիման վրա, Թումանյանը գալիս է այն եզրակացության, «թե պատրաստի բառն է, որ ժամանակի հետ պատմողների բերանում դարձել է պատրազի, և այժմ երկու ձևն էլ գործ են ածում»։ Ժողովրդի սիրելի հերոսները, շարունակում է բանաստեղծը, հաճախ մարմնի վրա կրում են իրենց զորության և անմահության անբաժան ու մշտապատրաստ շրջանաձև նշանը։ «Էդ նշանն է, որ քրիստոնեության ազդեցության տակ փոխվել է խաչի և խաչ պատրաստին էլ խաչ պատրազի, խաչ պատարազի, խաչ պատարագի...» (ԵԺ IV, 352)։ Ելնելով այդ ըմբռնումից, պոեմի վերջնական խմբագրության մեջ Թումանյանը մեկ անգամ օգտագործում է նաև խաչ պատարագի ձևը՝ «Ո՜վ անմահ խաչ պատարագի» (տող 850), թեև ՀԳ (1914) և ԳԳ-ում այդ տողն ուներ այսպիսի տեսք. «Ո՜վ զորավոր խաչ պատրաստի»։