592, 608 Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին,
Պոեմի բոլոր հրատարակությունների մեջ (բացի ԲՊ) Թումանյանն օգտագործում է Թուր-Կայծակի (կամ Կայծակի թուր) բառաձևը։ Սակայն 1910-ական թթ., երբ Թումանյանն այ երկհնչյունը հաճախ փոխարինում էր է-ով, ծագում է նաև Թուր-Կայծակի փոխարեն Թուր-Կեծակի ձևին անցնելու խնդիրը։ Պոեմի առանձին հրատարակության (1904) լուսանցքներում գրված նոր հատվածներում և մի երկու տեղ տպագիր տեքստում նա մտցրել է այդ ուղղումը (այ-է), բայց հետևողական չի եղել։ ԲՊ-ի համար գրված երկու նոր հատվածներում, ինչպես նաև 619 տողում հանդես է գալիս Թուր-Կեծակին ձևը, բայց մնացած դեպքերում (ընդամենը ութ անգամ) մնացել և «կայծակ» բառաձևը։ Անուշադրության արդյո՞ւնք է սա, թե՞ Թումանյանը մինչև վերջ էլ տատանվել է ընտրության մեջ: Ավելի հավանական է թվում երկրորդը։
Պոեմի հետմահու գրեթե բոլոր հրատարակություններում բնագիր պատրաստողներն ամենուրեք այդ բառը դարձրել են «Թուր-Կեծակին», անկախ այն բանից, թե պոեմի որ տարբերակն է հիմք ընդունվել՝ ԲԹ, ԲՊ, թե՞ 1904 թ. գրքույկն՝ ուղղումներով։
Ներկա հրատարակության մեջ, նպատակ ունենալով ճշգրտորեն վերարտադրել պոեմի ԲՊ բնագիրը, մենք պահպանել ենք նաև հերոսի զենքի այդ կրկնակի գրությունը։ Ըստ այդմ՝ երեք անգամ տպագրվում է Թուր–Կեծակին և ութ անգամ՝ Թուր-Կայծակին: Պահպանվել են նաև «Սասուն» և «Սասում» տարբեր գրելաձևերը։
871 Քըշեց, գընաց մինչ Դիարբեքիր
Դիարբեքիրը (Ամիդ) Մեծ Հայքի հնագույն բերդաքաղաքներից է, Արևմտյան Տիգրիսի աջ ափին։ Էպոսի մի քանի պատումներում այն հիշատակվում է իբրև Մըսրա թագավորության քաղաք։ Մըսրա Մելիքը Դիարբեքիրից է սկսում Դավթի դեմ իր առաջին հարվածի ձիարշավը։
889—890 Երկրորդ անգամ քըշեց Հալաբ
- Ու բաց թողեց ձին Հալաբից.
Հալաբը (Հալեպ) Մերձավոր արևելքի հնագույն քաղաքներից մեկն է (գտնվում է ժամանակակից Սիրիայում)։ Հայ ժողովրդական վեպի որոշ