նաև կենցաղային մանրամասները։ Այդ սկզբունքով ամբողջ երկրորդ մասը շարադրելու դեպքում այն, անշուշտ, կլիներ առաջինից զգալիորեն ավելի ծավալուն։
Շատ որոշակի է նաև տաղաչափական կառուցվածքի փոփոխությունը։ Պոեմի առաջին մասում կիրառված 10 և 8-վանկանի տողաչափերի (երբեմն ներքին հանգով բաժանված 5 և 4-վանկանի կիսատողերի) փոխարեն այժմ Թումանյանն ընտրում է ավելի մեծ չափեր։ Մեզ հասած 80 տողերից 50-ը գրված են 15-վանկանի և 8-ը՝ 16-վանկանի չափերով (ներքին երեք հատածով), որոնք շատ հարմար ու տարողունակ են լայն էպիկական բովանդակության համար։ Մնացած՝ քնարական բնույթի տողերը դրված են 8 և 4-վանկանի չափերով։
Պոեմի այս մասում հանդիպում է երկու նոր աշխարհագրական անուն.
13 Խըլաթ քաղքի թագավորի դուստրը խոսեց նըրան կին,
Խլաթը բերդաքաղաք է Վանա լճի հյուսիսարևմտյան ափին։ Միջնադարում եղել է տեղական մանր թագավորությունների, այդ թվում և Շահ-ի–Արմենների իշխանության կենտրոնը։ Ըստ հայ ժողովրդական վիպերգության առանձին պատումների, Խլաթ քաղաքի իշխանի դուստրն է Խանդութ խաթունը, որը Դավթի կինն է դառնում։ Իսկ պատումների մեծ մասի համաձայն (որոնց և հետևել է Թումանյանը), Խլաթի թագավորի դուստրը Չմշկիկ Սուլթանն է, որը, չհասնելով Դավթի կինը դառնալու փափագին, գայթակղում է նրան և ի վերջո դառնում նրա մահվան պատճառը։
16 Արի՛, գընանք Կապուտ Բերդի թագավորի աղջըկան
Կապույտ բերդը (կամ Կապուտա) բնակավայր է Կաղզվանի մոտ և, ըստ հայ ժողովրդական վեպի, եղել է Խանդութ խաթունի հոր թագավորությունը։ Այստեղ հին ժամանակներից եղել են Խանդութի բերդ և Խանդութի ձոր տեղանունները։ Պատումների մեջ հիշատակվում է նաև Կապուտկող անունով մի ուրիշ թագավորություն, որը գտնվել է Վանա լճի հարավային ափին և, հավանաբար, Արծրունյաց թագավորության հիշողությունն է։ Կապուտա բերդն ու Կապուտկողը վեպի ասացողների կողմից հաճախ շփոթվել կամ նույնացվել են իրար հետ: