Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ
(Էջ 45, 292)

Առաջին անգամ՝ ՄՃ, 1905, № 1, էջ 5—10, № 2—3, էջ 34—40, «Աշուղի զրույցը» ենթավերնագրով։ Ինքնագիրը չի պահպանվել:

Այնուհետև հեղինակի կենդանության ժամանակ պոեմը տպագրվել է ևս վեց անգամ. ա) ԲԲ, էջ 197—210, որոշ փոփոխություններով և նույն ենթավերնագրով, բ) նույն բնագիրը ոչ մեծ տարբերություններով մտել է ՀԳ քրեստոմատիայի առաջին հատորի (1909, էջ 124—129) և գ) նույն քրեստոմատիայի 2-րդ տպագրության մեջ (1914, էջ 124—129), դ) 1909 թ. Թիֆլիսում պոեմը լույս է տեսել առանձին գրքուկով (16 էջ), որոշ լրացումներով և խմբագրական ուղղումներով, առանց հիշյալ ենթավերնագրի (գրքույկի վրա հրատարակության տեղն ու թվականը նշված չեն), ե) նույն տարբերակը, «Անուշ» պոեմի հետ միասին, մտել է 1921 թ. Կ. Պոլսում «Ժամանակակից» մատենաշարով (թիվ 36) հրատարակված գրքույկի մեջ (էջ 33—46, տպագրիչ-հրատարակիչ Վաղինակ Ս. Բյուրատ), զ) միևնույն տարբերակը՝ ԲՊ, էջ 279—293:

Հետագայում պոեմն ունեցել է բազմաթիվ այլ հրատարակություններ՝ առանձին գրքույկներով և ժողովածուների մեջ, այդ թվում՝ ԵԺ II, 141—150։ Ներկա հրատարակության (ինչպես նաև հետմահու բոլոր հրատարակությունների) համար հիմք է ընդունվել 1909 թ. տպագրված գրքույկը։

«Թմկաբերդի առումը» մտահղացվել ու գրվել է մեր դարի առաջին տարիներին՝ Թումանյանի ստեղծագործական բուռն վերելքի շրջանում։ Պոեմն այդ վերելքի լավագույն արտահայտություններից մեկը եղավ։

«Թմկաբերդի առումն» ունեցել է ինչպես գրական–բանահյուսական, այնպես էլ կենսական ազդակներ։ «Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» գրառման մեջ Թումանյանը, իբրև պոեմի հիմնական գրական աղբյուր, նշել է հայտնի բանահավաք և ազգագրագետ Երվանդ Լալայանի «Ջավախքի բուրմունք» ժողովածուն (ՈՒՀ—2, էջ 420)։ Խոսքը վերաբերում է բանահավաքի գրի առած հետևյալ ավանդությանը, որից բանաստեղծը քաղել է և՛ իր պոեմի սյուժետային կորիզը, և՛ վերնագիրը: Բերում ենք այդ գրառման լրիվ տեքստը.