Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1903—1904 թթ. ընթացքում նորից է անդրադարձել նրա վերամշակմանը, մինչև որ հնարավոր է համարել հանձնել տպագրության ՄՃ ամսագրին։

«Թմկաբերդի առումը» առաջին ամսագրային հրապարակումից հետո չի ենթարկվել այնպիսի արմատական վերամշակման, ինչպես Թումանյանի մյուս պոեմները։ Սակայն պոեմի տարբեր հրատարակությունների համեմատությունը ցույց է տալիս, որ առաջին տպագրությունից հետո մի քանի տարի բանաստեղծի միտքը նորից ու նորից վերադարձել է պոեմի հղկման ու կատարելագործման խնդրին։ Բայց այդ աշխատանքը բոլոր դեպքերում ուղղագիծ ընթացք չի ունեցել, եղել են նաև «հետադարձ քայլեր»։

Առաջին հրապարակումից երեք տարի անց, տպագրության պատրաստելով ԲԲ ժողովածուն, Թումանյանը ուղղումներ է մտցրել պոեմի մի շարք տողերի մեջ, եզրափակիչ XII գլխից կրճատել է մեկ քառատող («Կույր աշուղը հոգու աչքով Նըկատում է ամեն բան, Պատմում է ձեզ խաղ ու երգով Մարդու գործերն ու ճամփան»), փոխել է ստեղծագործության վերջին երկու տողերը («Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա Ու մարդ կերթա անարատ» տողերի փոխարեն՝ «Ա՜խ, երանի՝ ո՛վ որ կըգա Ու կըգընա անարատ»)։

ԲԲ բնագիրը, որոշ ոչ մեծ փոփոխություններով, ինչպես նշվեց, մտել է ՀԳ քրեստոմատիայի առաջին (1909) և երկրորդ (1914) հրատարակությունների մեջ, ընդ որում՝ իրար ավելի մոտ են ԲԲ և 1909 թ. խմբագրությունները։ Այդ պատճառով էլ, թեև այդ երեք հրատարակությունները վերջնական խմբագրությունից ունեն մի շարք ընդհանուր տարբերություններ, բայց անհրաժեշտ եղավ առաջին երկուսը՝ ԲԲ և ՀԳ առաջին տպագրությունը, նկարագրել միասին (ցույց տալով նաև նրանց միջև եղած այլընթերցումները), իսկ ՀԳ 2-րդ տպագրությունը ներկայացնել առանձին։

«Թմկաբերդի առումի» բնագրի պատմության մեջ կա մի կողմ, որը սովորական պատկերացումներով դժվար է բացատրել։ 1909 թ. առանձին հրատարակությամբ Թումանյանն ստեղծեց պոեմի այն տարբերակը, որը հետագայում իրավացիորեն ճանաչվեց իբրև ամենից կատարյալ, հետևաբար՝ իբրև վերջնական խմբագրություն։ Ի՞նչ փոփոխություններ են մտել պոեմի այդ տարբերակում։ նախ, Թումանյանը հետևողականորեն վերացրել է այս—էս և նմանատիպ երկակի գրությունները՝ նախապատվությունը տալով երկրորդին: Նա մտցրել է նաև ուրիշ ոճական ճշտումներ, վերականգնել է պոեմի վերջին երկու տողերի ամսագրային փոփոխակը («Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կգա Ու մարդ կերթա անարատ»)։ Սակայն ամենից կարևորը պոեմի X գլխում՝ Շահի և Թըմկա տիրուհու խոսակցության տեսարանում մտցված փոփոխություններն են. բանաստեղծը, վերջապես, գտավ հարց տվող Շահի հոգեբանական վիճակի ամենից ճշգրիտ գնահատականը (նախորդ՝ «Եվ լիքը թույնով...», «Ու դառը ծաղրով...» տարբերակների փոխարեն՝ «Ու լի դառնությամբ հարցընում է նա»), ինչպես և բուն հարցի ավարտուն բանաձևը. «Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն...»։ Ավելացնենք, որ առաջին անգամ այս հրատարակության մեջ երևան եկան