Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Թմկաբերդի առումից» (ն. տ., էջ 403), սակայն դա, հավանաբար, շփոթության արդյունք է։ Այդ ժամանակ Թումանյանը կարող էր խոսել իր ապագա պոեմի նյութի և մտահղացման մասին, իսկ երկը դեռ գրված չէր: «Թմկաբերդի առումը» գրվեց հաջորդ տարի՝ 1902 թ. նշանավոր «Աբասթումանի աշնանը», երբ Թումանյանը հնարավորություն ունեցավ մի քանի ամիս հանգստանալու, բուժվելու և զբաղվելու ստեղծագործական աշխատանքով։ Վերամշակված կամ նոր գրված շատ այլ երկերի հետ միասին նա այդ ամիսներին գրեց նաև նախորդ տարվա ջավախքյան ուղևորության հետ կապված իր երկու նշանավոր գործերը՝ «Թմկաբերդի առումը» ու «Փարվանան»։ Տարիներ անց (1909 թ. հուլիսի 18-ի նամակում) նա այդ մասին գրել է. «Որքա՜ն հիշողություններ ու անմոռանալի վայրկյաններ են կապված Աբասթումանի այս կամ այն փոքրիկ, խաղաղ, չքնաղ անկյունում։ Այդտեղ ես շատ եմ երազել ու գրել եմ իմ մի քանի լավ բաները։ Այդտեղ եմ մշակել «Անուշը», այդտեղ եմ գրել «Փարվանան» և այլ բաներ—հա՛ «Թմկաբերդի առումը» (ԵԺ V, 320)։

Պոեմի ստեղծման բուն ընթացքի մասին մեզ քիչ բան է հայտնի՝ ձեռագիր նյութերի բացակայության պատճառով։ Պահպանված որոշ սևագիր հատվածներից (տե՛ս «Տարբերակներ և նյութեր» բաժինը) երևում է, որ, սկզբնապես Թումանյանը մտադիր է եղել շատ ավելի մանրամասնորեն ներկայացնել բերդի գրավման պատմությունը, նույնիսկ այն հանգամանքները, որոնց մեջ «թափառական աշուղը» վարում է իր զրույցն ունկնդիրների հետ։ Այդ հատվածներում հիշատակվում են նաև աշուղի անունը (Մալուլ), ունկնդիրների հետ նրա հանդիպման վայրը (Աճառա լեռներ, Խուլո[1] բնակավայր) և ուրիշ մանրամասներ։ Սակայն պոեմի վերջնական տեքստի մեջ պատմությունը կոնկրետացնող նման տվյալները բացակայում են, շարադրանքն ստացել է ավելի ընդհանրացված նկարագիր՝ միաժամանակ և՛ էպիկական, և՛ փիլիսոփայական:

Աբասթումանից Թումանյանը վերադարձավ այն ժամանակ, երբ Մարիամ Թումանյանը, Փ. Վարդազարյանը, Շանթը և բանաստեղծի ուրիշ բարեկամներ եռանդով աշխատում էին նրա նոր ժողովածուն (ԲԹ) հրատարակելու ուղղությամբ։ 1903 թ. տպագրված «Բանաստեղծություններ» գիրքը նշանավորեց նոր աստիճան նրա ստեղծագործական զարգացման մեջ, նախ և առաջ շնորհիվ այն երկերի, որոնք գրվել կամ արմատապես վերամշակվել էին Աբասթումանում: Սակայն այդ ժողովածուի մեջ «Թմկաբերդի առումը» չմտավ։ Մարիամ Թումանյանն այդ մասին իր հուշերում գրել է. «Թմկաբերդի առումը» ես շատ սիրեցի և ուզում էի անպատճառ մտցնել ժողովածուի մեջ, բայց հեղինակը կտրուկ կերպով մերժեց առանց որևէ բացատրության» (ԳԱԹ, Մարիամ Թումանյանի ֆոնդ, № 7, էջ 33—34)։ Պատճառն, իհարկե, այն էր, որ իր նոր պոեմը Թումանյանը դեռ պատրաստ չէր համարում տպագրության համար և, ամենայն հավանականությամբ,

  1. Ներկայումս՝ Աջարական ԻԽՍՀ շրջանային կենտրոն: