Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/570

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարդերով ու սոխակներով։ Ֆարս (Պարս, Պարսկաստան) է կոչվել նաև իրանական պետությունն ամբողջությամբ վերցրած։ Այդ հիման վրա էլ Թումանյանի պոեմում «թափառական աշուղը» Ֆիրդուսուն «Ֆարսի բյուլբյուլ» է անվանում։

Պոեմի IV գլուխն ամբողջությամբ (91—110 տողեր) գրված է իբրև պարսիկ մեծ վիպերգակի մտքերի ու պատկերների վերապատում։ Սակայն պետք է ենթադրել, որ դա բանաստեղծական հնարանք է սոսկ։ «Թմկաբերդի առումի» պարսիկ թարգմանիչներ Սայեն ու Նադերփուրը վկայել են, «որ այս տողերի պարսկական բնագիրը գտնելու իրենց և մի քանի շահնամեագետների ջանքերը ապարդյուն են անցել» (տե՛ս «Գարուն», 1970, № 10, էջ 62)։ Պետք է կարծել, որ Թումանյանը ոչ թե վկայակոչում է Ֆիրդուսու պոեմի որևէ կոնկրետ հատված, այլ նրա անունը հիշատակում է՝ աշուղի խոսքին արևելյան ոգի և գունավորում տալու համար:

108 Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,

Ռոստեմ (կամ Ռոստոմ) Զալը Ֆիրդուսու «Շահնամեի» գլխավոր դյուցազնական հերոսն է։

126 Արյունը հոսում էն Քըռի նըման։

Քուռ գետը, սկիզբ առնելով պատմական Հայաստանի լեռներից, անցնում է նաև Ջավախքի տարածքով։

182 Կախեթի գինին խելագար հոսել.

Արևելյան Վրաստանի Կախեթի շրջանը հնուց ի վեր հռչակված է եղել իր գինիներով։