Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Գյուլիզարի առևանգման և Մուսաբեկի դատավարության մասին Հայկական մամուլում բազմաթիվ նյութեր են հրապարակվել: Միայն «Արձագանք» շաբաթաթերթը, օրինակ, մեկ տարվա՝ 1889 թ. ընթացքում, այդ հարցերին անդրադարձել է մոտ քսան անգամ։ «Արաքս» հանդեսը «Արձագանք մը Մշո աշխարհին» վերտառությամբ տպագրեց Գյուլիզարի պատմածը իր գլխով անցածի մասին։ Դատարանում նա հպարտությամբ ասել է. «...Ես հայ եմ, հայ լե կը մեռնեմ... Զիս քերթեք, սպանեք, ես հայ եմ, իմ կրոնքեն չըմ դառնա» («Արաքս», 1890, Ա գիրք, 2-րդ մաս, էջ 14)։ Հետաքրքիր է, որ նույն դեպքերի թարմ տպավորության տակ պիես գրելու փորձ է արել Գրիգոր Արծրունին, թեև նա ինչ-ինչ նկատառումներով գործողությունը տեղափոխել է մեկ տասնամյակ հետ՝ 1877—1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի օրերը։ Այդ պիեսը («Գյուլիզար»), որից միայն 1-ին գործողությունն է գրվել, մնացել է «Մշակի» արխիվում և տպագրվել է շատ տարիներ անց (Տղ, 1912, № 5, էջ 86—90), խմբագրության ծանոթագրությամբ, որի համաձայն դեպքը վերաբերում է «հայտնի ավազակ Մուսաբեկի վայրագությունների օրերին»[1]։

Այսպիսով, պոեմի սյուժետային ատաղձը հենվում է իրական կենսական փաստի վրա, որի մասին Թումանյանը իմացել է, անշուշտ, ոչ միայն Ռոստոմի պատմածից, այլև հայ մամուլի լայն արձագանքներից։ Սակայն բանաստեղծն իր առջև նպատակ չի դրել տառացի ճշտությամբ վերարտադրել եղելությունը։ Նա փոխել է ոչ միայն հերոսուհու անունը (Գյուլիզար– Շողիկ), այլև նրա կենսագրության և ճակատագրի հետ կապված շատ հանգամանքներ (պոեմի հերոսուհին, ի տարբերություն իրական նախատիպի, չի առևանգվում և չի անցնում տանջանքի ու դատավարության միջով,— նա ըստ սյուժեի պետք է փրկվի զինված երիտասարդների շնորհիվ)։ Շատ տարբերություններ կան նաև իրական Մուսաբեկի և պոեմի մեջ պատկերվածի միջև։ Թումանյանի համար կարևորը եղել են ոչ թե դեպքերի կենսական հավաստիությունը կամ կենցաղային մանրամասները, այլ նրանց պատմա-քաղաքական և սիմվոլիկ–փիլիսոփայական նշանակության բացահայտումը:

Կենսական մյուս իրողությունը, որն արտահայտվել է պոեմի մեջ, տառապող արևմտահայությանը օգնելու համար Կովկասից Տաճկաստան գնացող անձնազոհ երիտասարդների պատկերումն է։ Այդ գիծը, դատելով պահպանված մասերից և կոնսպեկտային գրառումներից, անցել է ամբողջ պոեմի միջով։ Դա է, որ հիմք է տվել պոեմն անվանելու «Հին կռիվը»:

  1. Գյուլիզարի պատմության և նրա արձագանքների մասին տե՛ս նաև՝ Թեոդիկ, Ամենուն տարեցույցը, Ժ—ԺԴ տարի, 1916—1920, էջ 151—152 («Մուսա բեկ և Կյուլիզար»)։ Արմենուհի Տեր-Կարապետյան (Գևոնյան), Գյուլիզար, Նշխարներ Մշո Գեղամեն, Փարիզ, 1946։ Սարգիս և Միսակ Բդեյաններ, Հարազատ պատմություն Տարոնո, Գահիրե, 1962, էջ 42—45: Հ. Բ. Պետրոսյան, Գեղամ Տեր-Կարապետյան (Մշո Գեղամ), Կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 1983, էջ 25—30։