այսինքն՝ դարերի խորքից եկող և անվերջ հարատևող պայքար ազգային–ազատագրության և մարդկային իրավունքների համար։ Այդ գծի հիմնական կրողը պոեմի գլխավոր հերոս Վահանն է (նախապես՝ Լևոն), որը հանդես է գալիս իբրև անձնազոհ, գործնական հայրենասիրության կենդանի մարմնացում։ Վահանը, անշուշտ, հավաքական կերպար է, բայց նրա գլխավոր նախատիպը Ալեքսանդր (հետագայում՝ Վարդան) Գոլոշյանն է եղել՝ նոր շրջանի հայ ազատագրական շարժման առաջին հերոսներից ու նահատակներից մեկը։
Ալեքսանդր Գոլոշյանը (1867—1889) իր կարճատև կյանքի վերջին հինգ-վեց տարիները նվիրաբերեց արևմտահայության ազատագրական պայքարին։ Թողնելով Թիֆլիսում ապրող իր ընտանիքը, հայրենասեր պատանին նախ Կովկասից անցնում է Պարսկահայք, Սալմաստի շրջանի գյուղերը, իսկ այնտեղից, ասեք կրկնելով Րաֆֆու «Կայծեր» վեպի հերոսների ուղին, տեղափոխվում է Թուրքահայաստան, ուր զբաղվում է ազատագրական գաղափարների տարածմամբ, ժողովրդին ինքնապաշտպանության պատրաստելով։ Նրա հայրենանվեր աշխատանքի համբավը շուտով հասնում է Թիֆլիս, և պատանի Թումանյանը լավ գիտեր նրա մասին։ Այդ է վկայում դեռ 1885 թ. նրա գրած բանաստեղծությունը՝ «Թող փչե քամին» երգի եղանակավ», որը նվիրված է «դեպի Հայաստան» մեկնող, «նորան օգնության, ցավին կարեկից» լինելու համար իրեն նվիրաբերած պատանի Աղեքսանդր Գոլոշյանին (տե՛ս սույն հրատ., հատ. 1, էջ 320—324)։
1887 թ. հուլիսից մինչև 1888 թ. հուլիս, ուղիղ մեկ տարի, Գոլոշյանը եղել է հայրենի Թիֆլիսում, ուր հանդիպումներ է ունեցել տեղի առաջավոր երիտասարդության հետ։ Այդ ժամանակ էլ, պետք է ենթադրել, կայացել է Գոլոշյանի և Թումանյանի անձնական ծանոթությունը։ Ոգևորված Ալեքսանդրի գաղափարներով և գործերով, պատանի բանաստեղծը մի պահ նույնիսկ ցանկացել է հետևել նրան՝ անցնել Արևմտյան Հայաստան և նվիրվել ազգային-ազատագրական պայքարին։ Դրան խանգարել է ծանր հիվանդությունը և ապա, թերևս, ամուսնությունը։ Հետագայում կատարած գրառումների մեջ Թումանյանը նշել է. «1886—ուսումնարանից դուրս գալը, հեղափոխ<ականներ>—Գոլոշյան—հիվանդություն, կոնսիստորիա, ամուսնություն» (ՈՒՀ—2, 418) ։
Բանաստեղծի այրին՝ Օլգա Թումանյանը, իր հուշերում վկայում է. «Մի օր էլ եկավ, թե՝ քեզ եմ պարտական, կյանքս ազատեցիր։ Ասում եմ՝ ինչո՞վ, ի՞նչ է պատահել։ Ասաց.
— Չե՞ս իմանում, Ալեքսանդր Գոլոշյանի հետ որոշեցինք գնալ Տաճկահայաստան, հայրենիքն ազատելու, ես էլ իմ ամառվա վերարկուս ծախեցի, մի ատրճանակ առա, պետք է գնայի։ Մեր նշանվելու պատճառով իմ գնալը հետաձգվեց, իսկ գնացողները սպանվել են ճանապարհին» (ԹժՀ, 329)։
Վարդան Գոլոշյանը և նրա ընկեր Հովհաննես Ագրիպասյանը զոհվել են 1889 թ. մայիսի 17-ին, Վանից ոչ հեռու մի կիրճում, անհավասար մի կռվի ժամանակ։ Նրանք շտապում էին դեպի Մուշ՝ հենց Մուսաբեկի ավազակախմբի 36—1194