Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատկապես մոտ էին Թումանյանի սրտին, առնչվում էին պատմական ավանդության հետ, ըստ որի բանաստեղծի նախնիները X—XI դարերում հենց այդ վայրերից են տեղափոխվել Լոռի, մասնավորապես Դսեղ գյուղը (մանրամասները՝ Թումանյանի տոհմաբանության մասին համապատասխան փաստաթղթերով, տե՛ս Ա. Ինճիկյան, 11 և հաջորդ էջերը)։

Այսպիսով, դարավերջին Տարոնում և Վասպուրականում կատարված դեպքերը բանաստեղծի գիտակցության մեջ կապվեցին ոչ միայն ամբողջ հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի, այլև ինքնակենսագրական երանգներ ունեցող պատմական հիշողությունների հետ։ Այդ ամենը, միասին վերցրած, մղեցին նրան գրելու իր «ազգային մեծ պոեման», որը նրա ամենանշանակալի ստեղծագործական մտահղացումներից է, և որի ավարտված տարբերակի կորուստը ոչ միայն Թումանյանի, այլև ողջ հայ գրականության տարեգրության ողբերգական դրվագներից մեկն է։