Տառապող հայրենակիցներին օգնության գնացող Վահանի և նրա ընկերների երգը իր ազատասիրական բուռն ոգով («Ազատության որդիքն ենք մենք՝ Թըռած դեպի ապագան», «Հե՜յ, գալիս ենք, ո՛վ տանջվածներ, Գալիս ենք մենք զինավառ, Ե՛վ ազատ օր, և՛ կյանք, և՛ սեր—Ողջ բերում ենք ձեզ համար») շփման որոշակի կետեր ունի Գոլոշյանից մեզ հասած մի ոտանավորի հետ, որը նույնպես պահվում էր նրա հարազատների մոտ.
|
Պոեմի առաջին նախերգանքում արտահայտվել են հայկական հարցի շուրջ մեծ տերությունների դիվանագիտական խաղերի մի քանի կոնկրետ փաստեր։ Այսպես, 3—4-րդ տողերը («Մենք ասում էինք՝ անթիվ նավերով Կըգան օգնության մեր ծանըր օրին») և նրանց հաջորդող հուսահատական քառյակը («Ավա՜ղ մեր պայծառ հույսերի համար...») յուրովի անդրադարձնում են անգլիական դիվանագիտության (վարչապետ՝ լորդ Սոլսբերի) պիղատոսյան հայտարարությունը. «Մեր նավերը չեն կարող լողալ հայոց լեռների գագաթներին»։
9—10 տողերր՝ «Երկրի մեծերը չեն փոխում իրենց Մեռելի ոսկրին ողջ ազգը հայի», գրեթե բառացի կրկնում են գերմանական կանցլեր Բիսմարկի այն ցինիկ խոսքերը, թե հայերի կոտորածների մասին բոլոր ասվածները «չարժեն գերմանական մի զինվորի փտած ոսկորներին»:
11—12 տողերը՝ «Մեր տունն են ուզում, մեր տեղն են ուզում, Մեր բուն երկիրը՝ մեզնից ամայի...», ինչպես նաև հաջորդ քառատողը («Նա էլ, որ աստծու անունով եկավ, Փըրկչական խաչով, խոսքով գըթության...») ակնարկում են ցարական քաղաքագետների (Լոբանով-Ռոստովսկի և ուրիշներ) հռչակած «Հայաստանն առանց հայերի» տմարդի սկզբունքը։
Մեծ տերությունների այդ հակահայկական ելույթներին Թումանյանն անդրադարձել է նաև իր հրապարակախոսության մեջ (տե՛ս, օրինակ, ԵԺ IV, 233, 301 և այլն):
Պոեմի բուն սյուժետային մասերը («Երկրում» գլուխը և հաջորդ երկու՝ այժմ կորած գլուխները) կապված են եղել Արևմտյան Հայաստանի աշխարհագրական միջավայրի և կոնկրետ տեղանունների հետ՝ Տարոն, Մուշ, Տալվորիկ և այլն։ Ինչպես տեսանք, այդ վայրերում են կատարվել նաև այն իրական դեպքերը, որոնք եղել են պոեմն ստեղծելու անմիջական ազդակը։ Բացի այդ, Տարոնը և Մուշը իրենց ծնած պատմական հիշողություններով