Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/592

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատվածի՝ 190—209 տողերի, որոնք չեն եղել ՆՀ-ում, այլ տպագրվել են պահպանված սևագրի հիման վրա)։


Չափածո հատվածներ. Թումանյանի թղթերում, բացի «Հազարան բըլբուլի» հիմնական բնագրի մեջ մտցված գլուխներից, պահպանվել են նան մի շարք ուրիշ չափածո հատվածներ, որոնք վերաբերում են պոեմի տարբեր մասերին։ Մի շարք հատվածներ (ընդամենը 11) տպագրվել են ՈՒՀ—3, էջ 272 —278: Դրանցից երկուսը («Անուշ քնած է Սինամ թագավոր...», «Ո՛չ, ես չեմ եկել թևով թռչունի...») սույն հատորում մտցված են հեքիաթի № 2 և № 4 պատումների մեջ, քանի որ այդ ոտանավորների ինքնագրերը տեղադրված են համապատասխան գրառումների (ԹՖ, 10զ և 10 Ժդ) արանքում և բովանդակությամբ սերտորեն կապված են նրանց հետ։ Մյուս հատվածները կամ շատ նախնական բնույթ ունեցող գրառումներ են («Ա՛յ դավաճան...», «Հավքի թևով չեմ թռել ես...», «Տեսնո՞ւմ ես, թե ես ինչեր եմ քաշել...», «Լուռ է առանց քեզ բյուլբյուլը հազարան...») և կամ ուղղակի կապ չունեն այս պոեմի հետ, թեև գրի են առնված նրան վերաբերող թղթերի վրա («Շուշան էր բուսել բարձր սարերուն...», «Որ կողմն են գնացեր...», «Հուսո տուն...»):

Այստեղ հրապարակվում է ընդամենը չորս սևագիր հատված, որոնցից երկուսը տպագրվել են նաև ՈՒՀ-ում: Բնագրային տարբերությունները բերվում են ամեն մի հատվածից հետո։

1. «Գնաց առաջ, ճամփան կտրեց, այսպես խոսեց...»։— Այս չափածո մեծ հատվածը պոեմի «Երգչի վիշտը» գլխի ամենանախնական սևագիր տարբերակն է, թեև առաջին (1—7) և վերջին (61—72) տողերը դուրս են գալիս այդ գլխի ավարտուն բնագրի սահմաններից: Ինքնագիրը (երեք մեծադիր էջի վրա՝ գրված մեծ մասամբ թանաքով և շատ մանր տառերով) պահվում է ԹՖ, № 10 Ժէ թղթերի մեջ։ Գրված է 1898 թ., Շուլավերում: Այս ինքնագրի տարբերությունները «Երգչի վշտի» տպագիր տեքստից և այդ գլխի մյուս սևագրությունից (ԹՖ, 10 բ) այնքան մեծ են, որ նպատակահարմար է այն հրատարակել առանձին՝ ներկայացնելով ձեռագրի վրա կատարված աշխատանքի բոլոր մանրամասները:

Տպագրվում է առաջին անգամ՝ ինքնագրից:

2. «Ես քեզ եմ հայտնում—այգին առաջիս...»։— Այս հատվածը, որը կապվում է պոեմի սկզբնական մասի հետ (պառավի անեծքը այգու չորանալուց առաջ), գրված է «Պաչոտնու տրտունջը» երգիծական բանաստեղծության ինքնագրի (ԹՖ, № 40) 4-րդ էջի վրա։ Քանի որ հիշյալ բանաստեղծությունը գրված է 1898 թ. օգոստոսին, Շուլավերում (տե՛ս ԵԺ V, 141—143), պետք է ենթադրել, որ նույն ժամանակին է վերաբերում նաև «Հազարան բըլբուլի» այս հատվածը: Հետևաբար, 1898 թ. Շուլավերում Թումանյանը գրել է ոչ միայն «Երգչի վիշտը» գլուխը, այլև փորձեր է արել նաև պոեմի սկզբնական մասերն ստեղծելու համար: