ձեոքով կազմված մատենագիտական ցանկի մեջ այս չորս պատումներն առանձնացված չեն, այլ հիշատակվում են մեկ ընդհանուր համարի տակ (1. Հազարան բըլբուլ. Լոռի, Վարդաբլուր, ձեռագիր), այն դեպքում, երբ իրենց բովանդակությամբ շատ ավելի քիչ արժեք ունեցող ձեռագիր և տպագիր ուրիշ տարբերակներ նշվում են առանձին-առանձին) ասացողի անվան հիշատակումով։
2. Սինամ թագավորի գաղտնիքը («Վեր կացավ Շնորհքը, գնաց Զմրուխտ ղուշի մոտ...»)։— Հեքիաթի այս պատումը, որը ծավալով ամենից ընդարձակն է, իր բովանդակությամբ անմիջաբար շարունակում է նախորդին։ Այն պատմում է Հազարան բլբուլի որոնման ճանապարհին գլխավոր հերոս Շնորհքի (հետագայում՝ Արեգ) նոր հանդիպումների, լսածի ու տեսածի, հատկապես Սինամ թագավորի խորհրդավոր գաղտնիքի մասին։ Այս բոլորը կազմելու էր ծրագրված մեծ ստեղծագործության երկրորդ՝ զգալի չափով ինքնուրույն մասը («իսկապես երկու հեքիաթ միացրած՝ «Հազարան բյուլբյուլը» և «Սինամ թագավորի գաղտնիքը»,— ինչպես գիտենք, այս խոսքերով է Թումանյանը բնութագրել իր ապագա «արևելյան պոեման» 1900 թ. մի նամակում)։ Այս պատումը պոեմի այդ երկրորդ մասի նախնական, բայց արդեն որոշակի գրական մշակման ենթարկված շարադրանքն է՝ հիմնված այն գրառման վրա, որը կատարվել է Վարդաբլուրի ծերունի բանասացի պատմածից։
Պատումի ինքնագրի (ԳԱԹ, ԹՖ, № 10զ) առաջին էջերից մեկում՝ «….. Ես իմանամ ինչն է քեզ այդպես տանջում...» բառերից հետո, Թումանյանը լրացման հատուկ նշան է դրել և դա գրել է երեք էջի վրա՝ «Թամբ շինողի (թամբագործի) արարքը» ենթավերնագրով։ Այդ պատմությունը մտնելու էր հեքիաթի ընդհանուր սյուժետային ընթացքի մեջ։ ՈՒՀ3-ում այդ էջերն առանձնացվել են և տպագրվել իբրև ինքնուրույն պատում (էջ 183—184): Սույն հատորում այդ հատվածը տեղադրվել է Թումանյանի նշած տեղում, հիշյալ ենթավերնագրով։
Պատումի մեջ եղած չափածո հատվածներից մեկը («Անուշ քնած է Սինամ թագավոր...») ունի նաև առանձին թերթերի վրա գրված ուրիշ տարբերակ, որը համեմատաբար ավելի մշակված է։ Պատումի համապատասխան տեղում զետեղվում է երգի այդ տարբերակը (բնագրային տարբերությունները տե՛ս ՈՒՀ—3, 273—274):
Առաջին անգամ՝ ՈՒՀ—3, էջ 150—170, 183—184: Տպագրվում է ինքնագրից։
3. Սինամ թաղավորի գաղտնիքը («Վեր կացավ թագավորի տղեն, դարձյալ գնաց Զմրուխտ ղուշի մոտ»...)։— Ինքնագրում (ԳԱԹ, ԹՖ, 10 զ) վերնագիրը նախ եղել է «Սինամ թագավորի պատմությունը», որ հետո փոխել է և կոչել նախորդի նման՝ «Սինամ թագավորի գաղտնիքը»։ Վերնագրի վերը գրված է՝ «Մասն երկրորդ». դա վերաբերում է այն բանին, որ Սինամ թագավորի պատմությունը, ինչպես ասվեց, պետք է լիներ Թումանյանի ծրագրած մեծ ստեղծագործության երկրորդ մասը։ Այս պատումը նախորդի մի այլ տարբերակն է. դեպքերի ընթացքը հիմնական գծերով նույնն է, թեև