սյուժետային օղակների, շարադրանքի մանրամասների մեջ կան նաև ոչ քիչ տարբերություններ: Ընդհանուր առմամբ՝ այս պատումն ավելի կառուցիկ և նպատակասլաց է, և կարելի է ենթադրել, որ այն եղել է հեքիաթի մշակման հաջորդ փուլը։
Սույն պատումի մեջ մտնող չափածո հատվածները (որոնք գրեթե բոլորովին չեն համընկնում նախորդ պատումի ոտանավորներին) ունեն երբեմն մի քանի սևագիր տարբերակներ: Բնագիրը պատրաստելիս առանձին դեպքերում ընտրվել և միացվել են տարբեր սևագրերի առավել մշակված տողերը։
Առաջին անգամ՝ ՈՒՀ—8, էջ 171—182: Տպագրվում է ինքնագրից։
4. Հազարան բյուլբյուլ («Մի ժամանակ մի թագավոր էր ապրում...»)։— Այս պատումի ինքնագիրը, ինչպես և նախորդ երեքը, գրված է մեծադիր թերթերի վրա, թանաքով: Վերաբերում է, ամենայն հավանականությամբ, 1890-ական թթ. վերջին։ Ունի առանձին անվանաթերթ՝ «Հազարաձայն սոխակ (Հազարան բյուլբյուլ), հեքիաթ» վերտառությամբ և մի քանի այլ գրառումներով (որոնց թվում՝ հիշատակություններ Ղ. Աղայանի «Վիշապին հաղթողը» թարգմանական հեքիաթի հրեշ Օշափի, Գ. Սրվանձտյանի «Մանանա» ժողովածուի մասին)։
Իր բնույթով այս տարբերակը ևս ոչ թե հեքիաթի բանավոր պատումի անմիջական գրառում է, այլ որոշակի գրական մշակման ենթարկված շարադրանք, որն ամենից ավելի մոտ է պոեմի պահպանված հատվածներին և՛ սյուժետային ընթացքով, և՛ գաղափարով։
Պատումի նախորդ հրապարակման մեջ (ՈՒՀ—3, 212—224), ելնելով ԳԱԹ-ում ինքնագրի տեղադրման կարգից (ԹՖ, № 10 ժգ), այն տպագրվել է իբրև 90-ական թթ. Թումանյանի գրի առած տարբերակներից վերջինը (№ 11)։ Վերը շարադրված նկատառումներով, սույն հատորում այս պատումն առաջ է բերվում, դիտվելով իբրև Վարդաբլուրի տարբերակի գրական մշակման փորձերից մեկը։
Շարադրանքն ամբողջացնելու նպատակով մտցվել են նաև հետևյալ փոփոխությունները.
ա) Ինքնագրի արանքում մի քանի թերթերի վրա գրված չափածո և արձակ հատվածները նախորդ հրապարակման «Պատառիկներ» բաժնից հանվել ու միացվել են այս պատումին՝ առանձնացվելով աստղանիշերով։ Բայց ձուլել դրանք բուն շարադրանքին հնարավոր չէր, քանի որ շատ դժվար է որոշել նրանց ճշգրիտ տեղը (բացի այդ, դա կառաջացներ անխուսափելի կրկնություններ)։ Չափածո հատվածի («Ո՛չ, ես չեմ եկել թևով թռչունի...») բնագրային տարբերությունները, ինչպես նաև նույն մոտիվներով գրված մյուս սևագիր ոտանավոր հատվածները բաց են թողնվում (տե՛ս ՈՒՀ—3, էջ 275—277):
բ) Ինքնագրի վերջին էջերում եղած գրառումները (սկսած «Վերջում Շնորհքը ամենքի ցավին ճար է անում» բառերից) նախորդ հրապարակման մեջ անջատվել են այս պատումից ու տեղադրվել «Պատառիկներ» բաժնում (ն. տ., էջ 280)։ Այստեղ դրանք միացվել են հիմնական շարադրանքին,