պահվում է ԳԱԹ, ԹՖ, № 10 ժգ: Թումանյանն այս պատումը գրի է առել 1898 թ. և զգալի չափով նրա տպավորության տակ էլ նույն թվականին գրել է պոեմի «Երգչի վիշտը» հատվածի առաջին տարբերակը (ԹՖ, № 10 բ, վերջնական խմբագրությունը և տպագրությունը՝ 1914 թ.): Ցնորք մինարեի երգչի պատմությունը իր դեպքերի ընթացքով և հուզական բովանդակությամբ ամենից ավելի համընկնում է այս և № 2 («Սինամ թագավորի գաղտնիքը») պատումների համապատասխան մասերին։
Առաջին անգամ՝ ՈՒՀ—3, 203—212: Տպագրվում է ինքնագրից:
11. «Թագավոր իր խաս լալեն կառնի…»:— Այս և հաջորդ պատումը Թումանյանը գրի է առել 1914 թ. նոյեմբերի 30-ին, Արևմտյան Հայաստանի Զեյդքան (Զեյթկան) գյուղում, առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ռազմաճակատ այցելելու ժամանակ։ Այդ ուղևորության մասնակից Ալ. Շիրվանզադեն իր «Պատերազմի վայրերում» ակնարկային նոթերի մեջ այսպես է նկարագրում գրառման հանգամանքները.
«Ճաշից հետո Հովհաննես Թումանյանն իր համար զբաղմունք գտավ: Կանչել տվեց երկու հեքիաթախոս գյուղացիների և պատվիրեց, որ պատմեն «Հազարան բյուլբյուլը»։ Հիշեցի մանկությունս, պառավ տատիս և նիրհս եկավ։ Երկար, երկար ժամանակ կիսաքուն և կիսարթուն լսում էի. «Անկե ետո, էֆենդիմ, ելավ, գացավ» և ալն...» (Ալ. Շիրվանգադե, Երկերի ժողովածու, հ. 9, 1961, էջ 172):
Պատումը գրի է առնված Թումանյանի ծոցատետրում, 95—100 թերթերի վրա (ԳԱԹ, ԹՖ, № 258)։ Առաջին անգամ՝ ՈՒՀ—3, էջ 224—225։ Տպագրվում է ինքնագրից։ Թումանյանի կազմած ցուցակում այս պատումը հիշվում է «Հազարենի բլբուլը» վերնագրով (№ 55)։
12. Սինամ թագավորի հեքիաթը («Ծեր թագավորը <ուներ> երեք որդի»)։ Տե՛ս նախորդ պատումի ծանոթագրությունը։ Այս տարբերակը գրի է առնված նույն ծոցատետրի 102—112 թերթերի վրա։ Թումանյանի կազմած ցուցակում այս պատումը նույնպես հիշվում է «Հազարենի բլբուլ» վերնագրով (№ 54)։ Տպագրվում է առաջին անգամ, ինքնագրից։
Բացի այս 12 պատումներից, Թումանյանը նաև վերաշարադրել-կոնսպեկտավորել է իր ձեռքի տակ եղած տպագիր տարբերակներից շատերի բովանդակությունը։ Այդ աշխատանքը կատարվել է 1910-ական թթ. սկզբին, երբ Թումանյանը պատրաստվում էր, վերջապես, ձեռնամուխ լինել պոեմի ստեղծման աշխատանքին: Մոտ 170 փոքրադիր էջ գրավող այդ նյութերը պահվում են ԳԱԹ, ԹՖ, № 10 ժե և լրիվ տպագրվել են ՈՒՀ—3, էջ 226—271: Ստորև բերվում է միայն այդ նյութերի ցանկը՝ այն հերթականությամբ, ինչպես որ դրանք դասավորվել են հեղինակի կողմից։ Նյութի հերթական համարից հետո, փակագծերի մեջ, բերվում է նաև հեղինակային համարանիշը, որը ցույց է տալիս Թումանյանի կազմած մատենագիտական ցանկի մեջ տվյալ տարբերակի զբաղեցրած տեղը։ Միասնությունը պահպանելու համար նախ բերվում է տարբերակի վերնագիրը, ապա՝ աղբյուրը (թեև ձեռագրերի մեջ երբեմն հակառակ կարգով է).