Սույն հրատարակության մեջ տպագրվում է ԲԲ տեքստը, որն ունի տողատակի նշում՝ «կրճատված թարգմանություն»։
Առաջին հիշատակությանը Բայրոնի պոեմի թարգմանության մասին հանդիպում ենք 1895 թ. մարտի 21-ին Ավ. Արասխանյանին գրած նամակում։ Շարադրելով «Մուրճի» հետ իր գժտվելու և հեռանալու պատմությունը, Թումանյանը հիշեցնում է նաև, թե ինչպես ամսագրի խմբագիրը, մերժելով «Բորչալվում» ակնարկի տպագրությունը, իրեն ասել է. «Դուք իբրև հոդվածագիր հայտնի չեք, «Շիլիոնի կալանավորը» տվեք» (Եժ V, 101): Այդ վեճն ու գժտությունը տեղի են ունեցել 1893 թ. հոկտեմբեր-նոյեմբերին: Հետևաբար, այդ ժամանակ ոչ միայն հայտնի էր, որ Թումանյանը թարգմանում է Բայրոնի նշանավոր պոեմը, այլև գուցե գործը հիմնականում ավարտված է եղել։ Սակայն պետք է կարծել, որ թարգմանության վրա նա աշխատել է նաև հաջորդ տարիներին, մինչև որ Փ. Վարդազարյանի նյութական օժանդակությամբ հնարավոր եղավ այն տպագրել 1896 թ. սկզբին։ Այսպիսով, «Շիլիոնի կալանավորի» թարգմանության ժամանակը պետք է համարել 1893—1895 թթ.։
90-ական թթ. սկզբին Թումանյանը ջանքեր է թափում անգլերենին տիրապետելու համար, որի նպատակը, առաջին հերթին, Բայրոնին և Շեքսպիրին բնագրով կարդալն էր։ Հիշելով Թումանյանի հետ 1891 թ. ամռանից սկսված իր ծանոթության պատմությունը, Գևորգ Ասատուրը վկայում է. «Ի միջի այլոց, պետք է ասեմ, որ նա այդ ժամանակ անգլերենի դասեր էր վերցնում Թիֆլիսի անգլիական փոխ-հյուպատոս Մուրտագից։ Թե որքան առաջադիմեց նա այդ ասպարեզում—չգիտեմ, բայց գիտեմ, որ նա անգլերեն էր սովորում, որպեսզի կարողանա «Շիլիոնի կալանավորը» անմիջապես բնագրից թարգմանել։ Այդ գործում նրան օգնում էր միստր Մուրտագը» (ԹԺՀ, 352)։
«Շիլիոնի կալանավորի» թարգմանությունը կարևորագույն օղակն է այն բուռն հետաքրքրության, որ 90-ական թթ. հանդես է բերել Թումանյանը անգլիացի մեծ բանաստեղծ Ջորջ Գորդոն Բայրոնի (1788—1824) ստեղծագործության նկատմամբ։ Թումանյանագիտության մեջ այդ երևույթը երբեմն նույնիսկ կոչվել է «բայրոնիզմի շրջան», որը, սակայն, չպետք է հասկանալ բացարձակ իմաստով։ Թումանյանի ստեղծագործական զարգացումը այդ տարիներին թեև շատ կողմերով կապված էր դասական ռոմանտիզմի, մանավանդ Բայրոնի և Լերմոնտովի ժառանգության հետ, բայց հիմնականում ընթանում էր ռեալիստական մեթոդի սկզբունքների տիրապետման ուղղությամբ։ Մահից երկու ամիս առաջ այդ մասին նա ասել է. «Ճիշտ է, իմ բանաստեղծությունների մեջ բայրոնական մի ամբողջ շարք կա, ինչպես և կյանքումս շրջան, բայց դա եղել է наносный, ոչ հարազատ, ինչպես, օրինակ՝ «Դու քո ճամբեն գնա, քույրիկ» և այլն» (Ն. Թումանյան, էջ 306)։ Նոր դարի սկզբին հասնելով լիարյուն ռեալիստական արվեստի բարձունքին, Թումանյանն իր ստեղծագործական նախասիրություններով կապվում է, առաջին հերթին, Շեքսպիրի և Պուշկինի հետ։
Այնուամենայնիվ, Բայրոնի ստեղծագործությամբ հրապուրվելը շատ