Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/612

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բան տվեց երիտասարդ Թումանյանին, մի որոշ շրջանում օգնեց նրան արտահայտելու իրականության նկատմամբ սուր քննադատական ոգին, անհատի և հասարակության ազատության նվիրական գաղափարները: Բայրոնի նկատմամբ այդ լայն հետաքրքրության արտահայտոլթյունն էր նաև 90-ական թթ. «Չայլդ Հարոլդի» ու «Մանֆրեդի» հատվածների և, մանավանդ, «Շիլիոնի կալանավորի» թարգմանության փաստը։ Իր հոգեբանական բովանդակության մեջ խտացնելով բայրոնիզմի շատ բնորոշ կողմեր, «Շիլիոնի կալանավորն» այդ շրջանում մի շարք գծերով համընկնում էր հայ բանաստեղծի հասարակական և անձնական տրամադրություններին: Այդ ստեղծագործությանը Թումանյանն, անկասկած, նախապես ծանոթացել է Վ. Ա. Ժուկովսկու ռուսերեն հանրահայտ թարգմանության միջոցով, որի մասին Բելինսկին գրել է. «Այստեղ—տարօրինակ բան—մեղմ թախծի և վհատ տանջանքի մեր ռուս երգիչը ամուր և հզոր խոսք է գտել իր հոգում՝ արտահայտելու համար հուսահատության սարսափելի, ստորգետնյա տանջանքները, որ գծագրել է Անգլիայի հսկա բանաստեղծի կայծակնային վրձինը» (В. Г. Белинский, Полное собрание сочинений, т. VII, М., 1955, с. 209)։

«Շիլիոնի կալանավորը» Բայրոնը գրել է 1816 թ. Ժնևի (Լեմանի) լճի ափին գտնվող Շիլիոնի բանտ-ամրոցն այցելելուց հետո։ Այստեղ նա լսել է XVI դարի 30-ական թվականներին Սավոյայի դուքս Կարլ 3-րդի հրամանով այդ ամրոցը նետված Շվեյցարիայի անկախության մարտիկ և հանրապետական հերոս Ֆրանսուա Բոնիվարի կրած տանջանքների և Բեռնի ապստամբների կողմից ի վերջո ազատվելու պատմությունը։ Սակայն պոեմում պատկերված է ոչ թե Բոնիվարի քաղաքական պայքարը, այլ նրա տառապալից «հոգու պատմությունը», որով և հերոսի կերպարը դառնում է ազատասիրության և հակաբռնապետական ոգու յուրօրինակ խորհրդանիշ: Երիտասարդ Թումանյանին պոեմը գրավել է հենց այդ հատկանիշներով: Եվ բնորոշ է, որ թարգմանության առանձին հրատարակության սկզբում նա զետեղել է անգլիացի մեծ բանաստեղծին նվիրված իր չափածո ձոնը, ուր տրված է պոեմի ազատասիրական ոգու և նրա արդիական հնչեղության վառ բնութագիրը.

Բայրընին

Ի՜նչ մեծ հանճարով, ո՛վ հսկա պոետ,
Ազատությունը կաշկանդող շըղթան
Հաշտեցրել ես դու ազատ մարդու հետ
Եվ քաղցրացրել ես վիշտը գերության։

Ի՜նչպես դարձրել ես բանտը հայրենիք
Եվ ողջ աշխարհը լայնարձակ մի բանտ...

Ահա տանջանքի աշխարքում բընիկ
Մեծարում են քեզ որդիքը հիվանդ,