Ինչպես ցույց է տալիս համեմատությունը, բարեկամի դիտողությունների մեծ մասը Թումանյանը հաշվի է առել և նրանց հիման վրա մտցրել է բազմաթիվ ուղղումներ։ Բացի այդ, ԲԹ-ի համար պատրաստած նոր տարբերակում Թումանյանը պոեմի տարբեր մասերից կրճատել է ուղիղ 100 տող՝ ծավալը հասցնելով 311 տողի։ Ամենից մեծ կրճատումը կատարվել է պոեմի միջին մասերում՝ 95 տողից հետո, ուր անընդմեջ հանվել է 46 տող՝ 4 տող V գլխի վերջից, ամբողջ VI գլուխը՝ 20 տող, և VII գլխի առաջին մասը՝ 22 տող (այս գլխի շարունակությունը միացվել է V գլխին): Բնագրի 14 գլխի փոխարեն մնացել է 12 գլուխ։ Այդ ուղղումներն ու կրճատումներր նախապես կատարվել են պոեմի 1896 թ. հրատարակության մի օրինակի վրա, որը պահվում է ԹՖ, № 1352։ նույն համարի տակ կա նաև գրքի մի այլ օրինակ, որի վրա Մ. Տեր-Անդրեասյանը հայերեն և անգլերեն լեզուներով բազմաթիվ դիտողություններ է գրել, առաջարկել է ճշտել մի շարք բառեր և արտահայտություններ։
Թարգմանության մեջ մտցված բոլոր ուղղումներն ու կրճատումները ցույց են տրվում տարբերակների բաժնում։ Առանձին-առանձին տրվում են նաև գրքի հիշյալ օրինակի վրա կատարված այն ուղղումները, որոնք չեն մտել վերջնական խմբագրության մեջ, ինչպես նաև կրճատված տողերի մեջ մտցված փոփոխությունները (վերջին դեպքում՝ նախ բերելով տվյալ տողի նախնական տարբերակը և ապա, շեղ գծից հետո, նրա փոփոխված ձևը):
Վերջին անգամ «Շիլիոնի կալանավորի» մեջ Թումանյանը մի քանի փոփոխություն է մտցրել ԲԲ ժողովածուն կազմելիս (համապատասխան տողերի նախորդ ձևը՝ ըստ ԲԹ-ի, նկարագրվում է առանձին)։
Թարգմանությունը կատարված է 10-վանկանի երկանդամ տողաչափով (բացառությամբ ութ 5-վանկանի կարճ տողերի)։
ՀԱՏՎԱԾՆԵՐ «ՉԱՅԼԴ ՀԱՐՈԼԴ» ՊՈԵՄԻՑ
Այս ընդհանուր վերնագրի տակ, որը տրվում է սույն հրատարակության խմբագրության կողմից, տպագրվում են Թումանյանի թարգմանած երկու քնարական ստեղծագործություն, որոնք Ջ. Գ. Բայրոնի «Չայլդ Հարոլդ» (լրիվ վերնագիրը՝ «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը», 1812—1818) պոեմի մասերն են։ Երկուսն էլ մտնում են պոեմի առաջին գլխի մեջ. Չայլդ Հարոլդի հրաժեշտի երգը 13-րդ տնից հետո, իսկ Ինեսին ձոնված երգը՝ 84-րդ տնից հետո։ Պոեմում այդ երգերը որոշակիորեն առանձնանում են ինչպես ոճով, այնպես էլ տաղաչափական կառուցվածքով. ամբողջ պոեմին բնորոշ 9-տողանի և հանգավորման բարդ համակարգ ունեցող տների («սպենսերյան տուն») փոխարեն առաջին երգը գրված է 8-տողանի տներով, կարճ տողաչափով և խաչաձև հանգավորումով, իսկ երկրորդ երգը՝ դարձյալ խաչաձև հանգավորում ունեցող քառատող տներով։ Այս քնարական հատվածների մեջ կենտրոնացված արտահայտություն են գտել բայրոնիզմի բնորոշ