Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Եվ արտասվում են[1] քո անմահ հոգում,
Թե ոնց է մարդու հոգին խորտակվում։

Հ. Թ.

Թարգմանության հաջորդ երկու հրատարակություններից (ԲԹ և ԲԲ) այս չափածո ձոնը հանվել է (զետեղված է սույն հրատ. 1-ին հատորում, էջ 153)։

«Շիլիոնի կալանավորի» հայերեն թարգմանությունը դրական գնահատականի արժանացավ Շիրվանզադեի գրախոսականում։ Թեև վիպասանը խորհուրդ էր տալիս բանաստեղծին «երբեք հանձն չառնել թարգմանել այնպիսի երկեր, որոնց բնագրի լեզվին ծանոթ չէ», բայց և դրվատում էր նրա կատարած գործը, գրելով. «Ընդհանրապես վերցրած, այդ թարգմանությունը մեզ շատ հաջող է թվում ոտանավորների սահունության և թեթևության կողմից։ Եթե ուշադրություն չդարձնենք մի քանի մասնավոր թերությունների վրա» (Տզ, 1896, № 16, էջ 257)։

Բայրոնի պոեմի թարգմանությանը Թումանյանը նորից անդրադարձել է 1903 թ.՝ իր նոր ժողովածուն (ԲԹ) կազմելու կապակցությամբ։ Այդ նպատակով նա դիմել է Բաքվում ապրող իր բարեկամ, ինժեներ-քիմիկոս, անգլերենի լավ գիտակ Մխիթար Տեր-Անդրեասյանին՝ խնդրելով համեմատել իր թարգմանությունը անգլերեն բնագրի հետ և նրա բարելավման առաջարկներ անել (բանաստեղծի խնդրանքով ժամանակին նա ստուգել է նաև Թումանյանի դիտողությունները «Համլետի» հայերեն թարգմանությունների վերաբերյալ.— տե՛ս ԵԺ VI, 126)։ Պահպանվել է Մ. Տեր-Անդրեասյանի 1903 թ. մայիսի 9-ի ընդարձակ նամակը Թումանյանին, որի մեջ շատ բարձր գնահատական է տրվում նրա թարգմանությանը. «Շիլիոնդ» համեմատեցի բնագրի հետ։ Ուղղակի զարմանալի է, թե ի՞նչպես է հաջողվել քեզ, անգլերեն չիմանալով, մի այդպիսի հոյակապ թարգմանություն տալ մեզ... Համարյա բառացի... սակայն առանց խորթությունների., կանոնավոր հայերեն լեզվով։ Այնքան տեղը բառացի, մոտիկ բնագրին, որ նույնիսկ տողերի կարճ ու երկարությունը, նույնիսկ հանգերը շատ տեղ նույն բառերիցն են...» (ԹԹ, № 1693, էջ 1):

Թարգմանության և բնագրի համեմատության հիման վրա Մ. Տեր–Անդրեասյանն այնուհետև մի շարք կոնկրետ դիտողություններ և առաջարկներ է անում՝ տեղ գտած սխալներն ու անհարթությունները վերացնելու համար։ Նամակի վերջում, ըստ երևույթին պատասխանելով Թումանյանը կասկածներին՝ մտցնե՞լ «Շիլիոնի կալանավորը» պատրաստվող ժողովածուի մեջ, թե՞ ոչ, նամակագիրն ասում էր. «... Դու իրավունք չունես զրկել հասարակությանը մի այդպիսի գլուխ-գործոցի չքնաղ թարգմանությունից... Դու ոչ մի իրավունք չունես դեն գցել և մեր աղքատիկ գրականությունը կողոպտել» (ն. տ., էջ 10)։

  1. Ձեռքով ուղղված՝ «գանգատվում են»։