Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա թե ինչու՝ անցած մոտ հարյուր տարվա ընթացքում պոեմի վերարտադրության թումանյանական սկզբունքները փաստորեն անխախտ են մնացել, և նրա հայերեն թարգմանության ոչ մի նոր փորձ չի արվել։

Պոեմի բնագրի 748 տողի փոխարեն Թումանյանի թարգմանության վերջնական խմբագրությունը 732 տող է, այսինքն՝ պակասել է 16 տողով։ Թումանյանը հրաժարվել է պոեմի առաջին գլխի վերջին հինգ տողերից ռուսական հովանու ներքո Վրաստանի բարգավաճման մասին (այդ տողերը կային թարգմանության 1896 թ. հրատարակության մեջ, բայց հանվեցին ԲԹ-ից՝ համարվելով, ըստ երևույթին, պոեմի գլխավոր առանցքից շեղվող հատված)։ Մնացած 11 տողերը պակասել են (4 տող 24-րդ գլխում և մեկական տող մի քանի այլ գլուխներում)՝ պարզապես խոսքը սեղմելու ճանապարհով։

Թարգմանչի առջև դժվարին խնդիրներ է դնում Լերմոնտովի պոեմի տաղաչափական կառուցվածքը, որի մասին Բելինսկին գրել է. «Այդ քառոտնյա յամբը՝ միայն արական վերջավորությամբ, ինչպես և «Շիլիոնի կալանավորի» մեջ, հնչում և հատվածաբար ընկնում է որպես իր զոհին շանթահարող թրի հարված։ Նրա ձգվածությունը, էներգիան և հնչուն, միակերպ վայր ընկնելը զարմանալիորեն ներդաշնակում են պոեմի հերոսի հզոր բնավորության կենտրոնացած զգացմունքին, անխորտակ ուժին և ողբերգական վիճակին» (В. Г. Белинский, Полное собрание сочинений, т. IV, М., 1954, с. 543):

Թարգմանության տաղաչափական համարժեքն ընտրելիս Թումանյանը բնագրի 8-վանկանի յամբական տողի փոխարեն կիրառել է հայկական վանկային ոտանավորի 10-վանկանի չափը, բայց ոչ միշտ. առանձին հատվածներ՝ ընդամենը 104 տող, թարգմանված են 8-վանկանի չափով։ Դրանք են՝ XIII և XXIV գլուխներն ամբողջությամբ (346—383 և 681—691 տողեր), ինչպես նաև 443— 452, 475—493, 505—508, 573—574, 632—634, 657—673 տողերը։ Թարգմանության մեջ պահպանված Է բնագրի կից հանգավորման սկզբունքը։

Թարգմանության բոլոր հրատարակությունների մեջ (1896 թ. գրքույկը, ԲԹ և ԲԲ-ի առանձնատիպ) պոեմի վերնագիրն ունի հետևյալ ծանոթագրությունը. «Մծիրի վրացերեն նշանակում է նժդեհ, եկվոր, անապատական»։

Պոեմի բնաբանը քաղված է Հին կտակարանի Առաջին թագավորաց գրքից, գլ. ԺԴ, 43:


ՀԱՅԱՎԱԹԻ ԵՐԳԸ

(Էջ 155, 510)

Առաջին անգամ՝ «Արոր», 1907, 19 սեպտեմբերի, № 13, էջ 2։ Թումանյանի կենդանության ժամանակ տպագրվել է ևս երկու անգամ՝ ԲԲ, էջ 242—252, վերնագրի տակ, փակագծի մեջ, «հատված» նշումով, և ապա՝