Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/624

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լոնգֆելլոյի պոեմի լեզուն հագեցած է ամերիկյան բնիկների բազմաթիվ բառերով, որոնցից Թումանյանն իր թարգմանության առաջին հրապարակման մեջ բացատրել է միայն մեկը (վիգվամ): Ստորև տողերի հերթականության կարգով տրվում է պոեմի առաջին երկու գլուխներում հանդիպող մի քանի բառերի բացատրությունը՝ ըստ Ի. Ա. Բունինի և Խ. Դաշտենցի թարգմանություններին կցված բառարանների։ Ցանկի մեջ չեն մտել տեղանունները (Օջիբվա, Թավազենթ, Վաոմինգ, Տուսկալուզ, Պուկվանա), ինչպես նաև 173—178 տողերում հիշատակվող 12 ցեղերի անվանումները: Հնդկական անձնանունները պոեմում (Նավադահ, Գիտչի-Մանիտո, Հայավաթա և այլն) մեծ մասամբ որոշակի կոչման կամ մասնագիտության հոմանիշներ են։ Մասնավորապես, պոեմի գլխավոր հերոսի անունը, ինչպես ասվեց, նշանակում է մարգարե, ուսուցիչ:

5 վիգվամ—վրան

16 Շահ-շուհ-գա—կապույտ ձկնկուլ, արագիլ

32 Մանգ—սուզաբադ, սուզահավ

32 Վավա—վայրի սագ

34 Չիթովեյկ— անձրևահավ

35 Մուշկոդազա—ցախաքլոր, լեռնային կաքավ

123 Իշկուդա— կրակ, գիսաստղ


ՌՈՒՍԱԿԱՆ ԲԻԼԻՆԱՆԵՐԻՑ

Իբրև թարգմանիչ և քննադատ Թումանյանը մեծ հետաքրքրություն է դրսևորել տարբեր ժողովուրդների էպիկական ստեղծագործության նկատմամբ: Նա ելնում էր այն համոզմունքից, որ, ինչպես գրել է 1917 թվականին, «ժողովուրդները ոչ մի բանի մեջ էնքան պարզ ու պայծառ չեն երևում, ինչքան իրենց ազգային էպոսի մեջ» (ԵԺ IV, 392)։ Դրանից մի քանի տարի առաջ մի այլ հոդվածում նա ասել է, թե «ամեն մի ազգի ուժն ու ոգին մարմնացած է իր ազգային էպոսի մեջ» (ԵԺ VI, 149)։ Այդ հետաքրքրության արդյունքը եղան ռուսական բանահյուսության ամենաինքնատիպ ժանրերից մեկի՝ բիլինաների, սերբական հերոսական վիպերգերի, ինչպես նաև ամերիկյան բնիկների բանահյուսության հիման վրա Հենրի Լոնգֆելլոյի գրած «Հայավաթի երգը» պոեմի հատվածների թարգմանությունները։ Դրանք Թումանյանի թարգմանական ժառանգության լավագույն էջերից են։

Ռուս ժողովրդի շատ հարուստ բիլինային ստեղծագործությունից Թումանյանը թարգմանել և տպագրել է ընդամենը երկու նմուշ՝ «Մուրոմցի Իլիան կռվում է Վլադիմիր իշխանի հետ» (1908) և «Սվյատագորը» (1913), իսկ մի երրորդ թարգմանություն («Մուրոմցի Իլիան և Կալին թագավորը») թողել է անավարտ։ Սակայն այդ մի քանի էջերը ռուսական ազգային բնավորության և բանահյուսության խոր ըմբռնման ու վերամարմնավորման փայլուն