օրինակներ են։ Վահան Տերյանը 1914 թ. «Հայ գրականության գալիք օրը» զեկուցման մեջ Թումանյանի մասին լիակատար իրավունքով ասում էր. «Եվ մեր օրերի մեծ պոետը չէ՞ արդյոք, որ բերում է մեզ ռուս հոգու ամենաբնորոշ արտահայտությունները— Պուշկինը և բիլինան, Լերմոնտովը և ժողովրդական հեքիաթը» (Վ. Տերյան, Երկերի ժողովածու չորս հատորով, հ.3, 1975, էջ 90):
Բիլինային հերոսներից Թումանյանը հատկապես մեծ հետաքրքրություն է հանդես բերել դեպի Մուրոմցի Իլիան՝ գտնելով, որ այդ կերպարն «ինքը ռուս ժողովուրդն է» (ԵԺ IV, 392)։ Առաջին աշխարհամարտի սկզբին գրած «Ազգերի պատերազմն ու իրենց դյուցազունները» հոդվածում վաղնջական ժամանակներից նա անցնում էր իր օրերին, ասելով. «Ահա վերջապես և ռուսական վիթխարի գյուղացին, ծերուկ Իլիա Մուրոմցին, հայրենիքին սպառնացող վտանգի առջև Владимир Красное Солнышко-ից, իշխանավորից զուր տեղը իրեն հասած վիրավորանքը մոռացության տալով՝ իր հսկայական գուրզն առած գնում է անմեղ ժողովուրդն ու երկիրն ազատելու վայրագ թշնամու արշավանքից։ Գնում է անհոգ, հանդարտ ու բարի, բայց հզոր ու հաստատուն: Գնում է իր «ախպերացուների» հետ» (ԵԺ VI, 150):
Իլիա Մուրոմցու կերպարին, իբրև ռուսական ազգային ոգու բնորոշ արտահայտության, Թումանյանն անդրադարձել է նաև 1917 թ. փետրվարյան հեղափոխությունից անմիջապես հետո գրած «Հսկայի ազատությունը» հոդվածում (ԵԺ IV, 392—394)։ Հոդվածն ամբողջությամբ Исцеление Ильи Муромца («Իլիա Մուրոմցու ապաքինումը») բիլինայի գեղարվեստական վերապատումն է, յուրօրինակ արձակ թարգմանություն։ Բիլինային հերոսի հրաշալի առողջացման պատմությունը («ի՜նչ հոյակապ գեղեցկություն և ինչքա՜ն հարազատ ու ճշմարիտ») բանաստեղծն ուղղակի կապում էր սկսված քաղաքական մեծ դեպքերի հետ և կոչ էր անում ամենքին՝ «ամուր բռնել, իր ուժերի ներածին չափ նեցուկ դառնալ ռուսական նոր ոտի կանգնած հսկային, որ նա հաստատուն կանգնի» (ԵԺ IV, 394)։
Թումանյանի թարգմանած բիլինաներից «Սվյատագորը» ներկայացնում է ռուս ժողովրդի առասպելական պատկերացումները, նախապատմական շրջանի հերոսներից մեկին։ Ըստ երևույթին, այդ պատճառով էլ իր վերջին ժողովածուի մեջ (ԲՊ) Թումանյանը նախ տեղադրել է, կիսադիցաբանական բնույթ ունեցող «Սվյատագորը» և հետո թաթար-մոնղոլական լծի դեմ մղված պայքարի շրջանին վերաբերող «Իլիա Մուրոմցին կռվում է Վլադիմիր իշխանի հետ» բիլինան, թեև վերշինս տպագրվել է առաջինից հինգ տարի վաղ։ Բանաստեղծը ղեկավարվել է բիլինաների բովանդակության պատմական հաջորդականությամբ։ Դասավորության այդ սկզբունքն ընդունվել է նաև սույն հրատարակության մեջ։
«Մուրոմցի Իլիան և Կալին թագավորը» բիլինայի հատվածը տեղադրվել է սևագիր թարգմանությունների բաժնում:
Բոլոր երեք բիլինաների թարգմանությունը Թումանյանը կատարել է հետևյալ գրքից. Книга былин. Свод избранных образцов русской